Մատչելիության հղումներ

Իրանցի ուսանողները Երեւանում բարձրաձայնում են Իրանում մարդու իրավունքների ոտնահարման մասին


Կոչ են անում դատապարտել մահապատժի կիրառումը
please wait

No media source currently available

0:00 0:01:35 0:00

Երեւանում կրթություն ստացող իրանցի ուսանողները հինգշաբթի օրը հավաքվել էին կառավարության շենքի դիմաց` իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Իրանում մարդու իրավունքների ոտնահարման դեմ:

Մագիստրատուրայում սովորող Ումիդ Էսմայիլզադեն «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ անցած շաբաթ իրանական իշխանությունները ձերբակալել են ընդդիմադիրների գործերով զբաղվող յոթ իրավաբանների եւ վերջնական որոշում են ընդունել` իրականացնել երկու հոգու մահապատիժը:

«Մենք պահանաջում ենք, որ միջազգային անկախ իրավաբանների խմբեր ձեւավորվեն, որոնք մուտք կգործեն Իրանի բանտերը` այնտեղ մարդու իրավունքների վիճակը պարզելու համար: Մենք նաեւ Հայաստանի կառավարությանը, ժողովրդին առաջարկում ենք դատապարտել Իրանում մարդու իրավունքների ոտնահարումն ու, մասնավորապես, մահապատիժների իրականացումը», - ասաց Էսմայիլզադեն:

Նա նաեւ ասաց, որ իրենք պատրաստվել էին ակցիան անցկացնել ավելի մեծ խմբով, բայց իրենց հասցեին սպառնալիքներ են հնչել` ակցիան չանցկացնելու պահանջով, սակայն չմանրամասնեց, թե ովքեր են եղել սպառնացողները:

«Այո, մեզ վրա ճնշումներ եղել են: Երեկ երեկոյան զանգահարել են ակցիայի կազմակերպիչներին եւ այն մարդկանց, ովքեր պետք է այսօր այստեղ լինեին, ու սպառնացել, որպեսզի զերծ մնանք ակցիային մասնակցելուց: Ինձ էլ են զանգահարել ու սպառնացել են, որ եթե ակցիան իրականացնենք, Հայաստանի իրավապահ մարմինները մեզ կարտաքսեն Իրան», - տեղեկացրեց նա:

Մեկ այլ ուսանող` Բաբեկ Իջադը, նշելով, որ իրենք չեն պատկանում որեւէ կազմակերպության, այլ հանդես են գալիս ուղղակի որպես Իրանի քաղաքացիներ, ասաց. - «Իրանն ունի տաս հազար տարվա պատմություն, եւ փաստորեն, հանդիսանալով մարդու իրավունքների հիմնադիրը այդ նույն պատմության մեջ` այսօր չի հարգում մարդու իրավունքները եւ անգամ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում չկարողացավ մեկ մանդատ ձեռք բերել»:

«Ազատություն» ռադիոկայանը այսօր դիմել է Հայաստանում Իրանի դեսպանատուն` մեկնաբանություն տրամադրելու խնդրանքով, սակայն այնտեղից փոխանցել են, որ ավելի ուշ կպատասխանեն:

Ումիդ Էսմայիլզադեն նաեւ տեղեկացրեց, որ դիմել է Հայաստանի իշխանություններին քաղաքական ապաստան ստանալու համար:

«Դեռ սպասում եմ, որ Հայաստանում ի վերջո ինձ կշնորհեն քաղաքական ապաստան: Գործերն ընթացքի մեջ են: Բայց անգամ եթե ես չստանամ էլ այդ կարգավիճակը, ես դարձյալ պայքարելու եմ Իրանում մարդու իրավունքների պաշտպանության համար», – ասաց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG