Մատչելիության հղումներ

Զինծառայողներից գումար շորթելու մեջ մեղադրվող հրամանատարն ու տեղակալը ազատվել են աշխատանքից


Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով աշխատանքից ազատվել են Վազգեն Սարգսյանի անվան զորամասի գումարտակի հրամանատար Վարդան Մարտիրոսյանը եւ նույն զորամասի գնդի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ Արթուր Կարապետյանը:

Հինգշաբթի օրը այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը:

Վերջինիս փոխանցմամբ, Վարդան Մարտիրոսյանը եւ Արթուր Կարապետյանն այժմ գտնվում են կադրերի ռեզերվում, եւ եթե դատարանում նրանց մեղքն ապացուցվի, կքննարկվի նաեւ նրանց զորացրելու հարցը:

Արարատի մարզի Վազգեն Սարգսյանի անվան զորամասի գումարտակի հրամանատար Վարդան Մարտիրոսյանը, ըստ մեղադրանքի, ստիպել էր պայմանագրային զինծառայողներին իրենց անուններով բանկերից վարկեր վերցնել եւ գումարը հանձնել իրեն: Այն բանից հետո, երբ զինվորները չէին կարողացել վարկերը վերադարձնել բանկերին, աղմուկ էր բարձրացել եւ գումարներ հավաքող հրամանատարը ձերբակալվել էր: Նույն զորամասի գնդի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ Արթուր Կարապետյանն էլ մեղադրվում է զինվորներից մոտ 1 միլիոն դրամ շորթելու մեջ` հրամանատարի համար համակարգիչ գնելու պատրվակով: Նա նույնպես կալանավորվել էր:

Անցած ամիս Մարտիրոսյանն ու Կարապետյանը գրավի դիմաց ազատ էին արձակվել: Մամուլը գրել էր, թե «Ռոժ» մականունով հայտնի Վարդան Մարտիրոսյանն ազատ է արձակվել 1 միլիոն դրամ, իսկ Արթուր Կարապետյանը` 820 հազար դրամ գրավի դիմաց:

Ավելի ուշ Գլխավոր դատախազությունը բողոքարկել էր բարձրաստիճան զինվորականներին գրավի դիմաց ազատ արձակելու դատարանի որոշումը եւ դիմել էր Վերաքննիչ դատարան: Ինչպես այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Զինվորական դատախազությունից, Վերաքննիչ դատարանը անցած ուրբաթ մերժել է Գլխավոր դատախազության բողոքը, եւ այժմ, փաստորեն, նրանք շարունակում են մնալ ազատության մեջ: Սակայն Գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց¸ որ դատախազությունը կբողոքարկի նաեւ Վերաքննիչ դատարանի որոշումը:

«Նրա նկատմամբ նախաքննության փուլում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար կան բավարար հիմքեր, եւ Գլխավոր դատախազի ցուցումով կներկայացվի վճռաբեկ բողոք», - նշեց Տռուզյանը:

Պաշտպանության նախարարության Քննչական ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին¸ որ այս նույն գործի շրջանակներում անցած ամիս մեղադրանք է առաջադրվել նաեւ նույն զորամասի սպա Արսեն Ներսիսյանին: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը, գործով նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG