Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 15-ից Հայաստանում է «free software»-ի կամ ազատ ծրագրային ապահովման շարժման հիմնադիր, ամերիկացի հայտնի ծրագրավորող Ռիչարդ Սթոլմանը: «Կազա» շվեյցարական հիմնադրամի հրավերով նա բաց դասախոսություններ է վարում երիտասարդների համար:

Նոյեմբերի 16-ին Երեւանի պետական համալսարանում կայացավ դասախոսություն` «Ազատ ծրագրային ապահովում` էթիկա եւ համացանց» թեմայով, որի շրջանակներում հանրահայտ ծրագրավորողը կիսեց համակարգչային ծրագրերն ազատ տարածելու իր գաղափարները: - «Նկատի ունեցեք, որ խոսքը ոչ թե անվճար, այլ ազատ, բաց տարածման մասին է», - նշեց նա` անդադառնալով իր առանձնացրած 4 հիմնարար ազատություններին, որոնք կերտում են ծրագրային ապահովման ժողովրդավարությունը:

Սթոլմանը խոստովանեց, որ ազատության մասին իր գաղափարախոսությունը ու շարժումը միայն տեխնիկական ոլորտին չի վերաբերում, այլ ներկայանում է որպես համակարգիչ օգտագործողի եւ ընդհանրապես մարդու գործելու ազատություն: - «Համակարգչային ծրագրերի հեղինակային իրավունքներն ու բոլոր արտոնագրերը անիմաստ բաներ են, քանի որ տարածելով ծրագիրը` դու ոչ թե արդյունք ես փոխանցում, այլեւ գործիք, որ ամեն ոք կարող է օգտագործել յուրովի», - նշեց Սթոլմանը:

Նոյեմբերի 18-ին Երեւանում նախատեսված է Սթոլմանի երկրորդ դասախոսությունը` «Ազատ թվային հասարակություն» թեմայով, իսկ նոյեմբերի 19-ին նրան սպասում են Գյումրիում: Դասախոսությունները նեղ մասնագիտական չեն եւ նախատեսված են բոլոր համակարգիչ օգտագործողների համար:
XS
SM
MD
LG