Մատչելիության հղումներ

Նյու Յորքում տեղի կունենա Կիպրոսի հարցով եռակողմ հանդիպում


ՄԱԿ-ի կենտրոնակայանը Նյու Յորքում

ՄԱԿ-ի կենտրոնակայանը Նյու Յորքում

Հինգշաբթի օրը Նյու Յորքում կայանալու է եռակողմ հանդիպում, որին մասնակցելու են Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը, Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դերվիշ Էրօղլուն եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը:

Հրավերը Բան Կի-մունինն է, Կիպրոսի խնդրի շուրջ բանակցությունները ընթանում են ՄԱԿ-ի հովանու ներքո, կողմերը քննարկելու են Կիպրոսի վերամիավորմանը ուղղված խաղաղ բանակցությունների ներկայիս փակուղային վիճակը:

Կիպրոսի թուրքական հատվածի ղեկավար Դերվիշ էրօղլուն կարծիք է հայտնել, թե Նյու Յորքում կայանալիք եռակողմ բանակցությունները բեկումնային եւ շրջադարձային կլինեն Կիպրոսի խնդրին երկարաժամկետ լուծում գտնելու հարցում:

Ելույթ ունենալով Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետության 27-ամյակի կապակցությամբ` Էրօղլուն հայտարարել է, որ կարիք կա ճեղքել բանակցություններում առկա փակուղին եւ առաջ գնալ:

Նա հայտարարել է, որ Կիպրոսի թուրքերը չեն ցանկանում հավետ կաշկանդված մնալ բանակցային գործընթացով եւ այդպիսով դուրս գտնվել միջազգային հանրությունից: էրօղլուն ասել է, թե իրենք ցանկանում են տեսնել ընդհանուր պատկերը եւ հասկանալ, թե ինչ քայլեր կձեռնարկի միջազգային հանրությունը, եթե երկու կողմերը չկարողանան համաձայնության հասնել:

Կիպրոսի թուրքական հատվածի ղեկավարը նաեւ կոչ է արել Եվրամիությանը շոշափելի քայլեր կատարել եւ վերացնել իրենց նկատմամբ կիրառվող տնտեսական մեկուսացումը:

Իր հերթին, Կիպրոսի Հանրապետության կառավարությունը հայտարարել է, որ իրենք չեն հանդուրժի կղզու բաժանումը եւ շարունակելու են աշխատել, որպեսզի իրենց հյուսիսային տարածքներում թուրքական օկուպացիային վերջ տրվի:

Կիպրոսի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆանոս Ստեֆանուն ընդգծել է, որ հենց միայն այն փաստը, որ Կիպրոսի հյուսիսում գործող ապօրինի ռեժիմը տոնում է իր անկախությունը, փաստում է, որ Կիպրոսի թուրքական հատվածում բացակայում է բարի կամքն ու հակամարտության լուծման իրական ցանկությունը:

Կիպրոսի Հանրապետությունը խնդրի լուծումը տեսնում է կղզու երկու հատվածների միավորմամբ երկու` հունական եւ թուրքական համայնքներով ֆեդերացիայի մեջ, որը միջազգային իրավունքի տեսակետից կդիտվի իբրեւ մեկ սուբյեկտ, ինչպես ամրագրված է ՄԱԿ-ի բանաձեւերում: Կիպրոսի թուրքական հատվածը պնդում է անկախ պետության կարգավիճակի պահպանումը:

Կիպրոսի հարցի վերաբերյալ խոսել է նաեւ Թուրքիայի պետնախարար, Եվրամիությունում Թուրքիայի բանագնաց էգեմեն Բաղիշը` հայտարարելով, թե հունական կողմի մտադրությունները` Եվրամիությունը որպես հաղթաթուղթ օգտագործելով ինչ-ինչ զիջումներ ստանալ թուրքական կողմից, աննպատակահարմար են:

Կիպրոսը երկու` հունական եւ թուրքական մասերի է բաժանված 1974 թվականից, Հյուսիսային Կիպրոսի թուրքերը 1983 թվականին հռչակել են իրենց անկախությունը, սակայն միջազգային հանրությունը ճանաչում է Կիպրոսի Հանրապետությունը, իսկ մեծ մասամբ թուրք բնակչություն ունեցող Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետությունը ճանաչել է միայն պաշտոնական Անկարան:

Կիպրոսի հունական եւ թուրքական հատվածների միջեւ բանակցությունների ներկայիս փուլը սկսվել է 2008 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG