Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 18-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը բավականին կոշտ խոսեց Հայաստանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների մասին, անդրադարձավ նաեւ «Ա1+»-ի խնդիրն: Անկեղծ ասած, ես նրանց ոչ «կոշտին» եմ հավատում, ոչ էլ «փափուկին»: Որովհետեւ մեր իրավիճակի նրանց գնահատականը բխում է ոչ թե փաստերից, այլ քաղաքական նպատակահարմարությունից: «Ա1+»-ը փակվել է 8.5 տարի առաջ եւ ամալյանական հանձնաժողովի կարծիքով` «պարտվել է» 13 մրցույթներում: «Մարտի 1»-ը տեղի է ունեցել 2.5 տարի առաջ, նույնքան ժամանակ Հայաստանում կան քաղբանտարկյալներ: Հնարավո՞ր է, որ Պրեսկոտը դա նոր է նկատել, իսկ նկատելով` խիստ վրդովվել է: Ոչ, հնարավոր չէ: Ուրեմն նա «ջղայնանալու» առաջադրանք է ստացել: Երբ մեր իշխանությունը ինչ-որ հարցերում (որոնք ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հետ կապ չունեն) ջղայնացնում է Արեւմուտքին, վերջինս սկսում է ճնշում գործադրել այնտեղ, որտեղ մենք թույլ ենք: Իսկ այսօրվա մեր «թույլ կետերն են»` «մարտի 1»-ը, քաղբանտարկյալները եւ «Ա1+»-ը»:

Անդրադառնալով Վերահսկիչ պալատի` օրերս հրապարակած աղմկահարույց փաստերին` «Հայոց աշխարհ»-ը գրում է. - «Վերահսկիչ պալատի բացահայտումները ապշեցնում են իրենց ծավալներով։ Մարդիկ, խոսելով իշխանությունների մասին, հաճախ օգտագործում են «ժողովրդի ծառաներ» արտահայտությունը (ինքս էլ բազմիցս գործել եմ այդ մեղքը)։ Իբր՝ մենք ենք պահում կառավարությանը, բանակը եւ այլն, իբր՝ մեր հարկերի հաշվին է… Բայց բավական է տերեր ձեւանանք։ Կարո՞ղ են հասարակ մարդիկ չվճարել հարկերը։ Ոչ, կպատժեն։ Այդ ինչ է, ծառանե՞րը կպատժեն տերերին»։

Վերահսկիչ պալատի բացահայտումներին եւ դրանց հաջորդած զարգացումներին է անդրադառնում նաեւ «Հրապարակ»-ը` իր խմբագրականում մեկնաբանելով. - «Երբ խորանում ես, հասկանում ես, որ այդ սկանդալը ենթաշերտեր ունի: Նախ` ինչո՞ւ 4 հազար դոլար: Ենթադրվում է, որ այդ «ծառայությունը» պետք է շատ ավելի արժենար: Ապա` ինչո՞ւ է պարոն Մելիքյանը որոշել կաշառքի մասին հայտարարություն անել դեպքից 6 ամիս անց` ստուգումներից 6 ամիս է անցել: Եթե ԱԺ պատգամավորը գործեր օրենքի շրջանակներում, պետք է կաշառքն ուզելուց անմիջապես հետո դիմեր իրավասու մարմիններին: Հիմա նման հայտարարություն անելով, այն էլ` ԱԺ բարձր ամբիոնից, ինչպե՞ս է ապացուցելու իր ասածը: Թե՞ նպատակն ընդամենը ցեխ շպրտելն է, մարդկանց ու կառույցը սեւացնելը»:

«Հետք» շաբաթաթերթը վկայաբերում է Հայաստանի արտգործնախարարության տվյալները. - «2007 թ.-ից մինչեւ 2010-ի սեպտեմբերը արտերկրից արտաքսվել է ՀՀ 4635 քաղաքացի, այսինքն` ամսական 103 մարդ: Նրանցից 69-ը եղել են հետախուզման մեջ: Տվյալները հավաքվել են արտերկրում գործող ՀՀ հյուպատոսություններից: Հայաստանցիների նկատմամբ «ամենախիստը» եղել է Գերմանիան. այս երկրից 3.5 տարում արտաքսվել է 1127 հոգի, որոնցից 37-ը` հետախուզվող: Այնուհետեւ Ռուսաստանն է` 1042 մարդ, որոնք արտաքսվել են Դոնի Ռոստովից, Մոսկվայից, Սոչիից եւ Սանկտ Պետերբուրգից: Եռյակը եզրափակում է Ֆրանսիան, որն արտաքսել է 832 ՀՀ քաղաքացու: Սրանց հաջորդում են Լեհաստանը, Ավստրիան եւ Ուկրաինան»:

Մեկ այլ վիճակագրություն է ներկայացնում «Հայկական ժամանակ»-ը: Թերթը տեղեկացնում է. - «Հայաստանի քաղաքացիական ավիացիայի հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, այս տարվա առաջին 10 ամիսների տվյալներով «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանից մեկնողների թիվը կազմել է 730 հազարից մի փոքր ավելի, եւ ժամանել է մոտ 668 հազար ուղեւոր: Այսինքն, հոկտեմբերի դրությամբ միայն ինքնաթիռով մեկնողների եւ ժամանողների տարբերությունը կազմել է 62 հազար հոգի: Այս ցուցանիշը նշված ժամանակաշրջանում Հայաստանից արտագաղթի պաշտոնական տվյալներն են»:

«Կապիտալ»-ը տեղեկացնում է. - «Ուկրաինայի կողմից հացահատիկի արտահանման քվոտաները չեն տարածվի Ռուսաստան, Վրաստան եւ Հայաստան արտահանվող հացահատիկի վրա: Ուկրաինայի ագրարային քաղաքականության նախարար Նիկոլայ Պրիսյաժնյուկը հայտարարել է, որ Հայաստան, Ռուսաստան եւ Վրաստան հացահատիկը կարող է արտահանվել սահմանված քվոտաներից ավելի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG