Մատչելիության հղումներ

logo-print

Վերահսկիչ պալատը դիմել է դատարան` Սպարտակ Մելիքյանից պահանջելով ներողություն խնդրել


Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Սպարտակ Մելիքյան

Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Սպարտակ Մելիքյան

Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Սպարտակ Մելիքյանը չորեքշաբթի օրը կրկին պնդեց, որ «Անանիա Շիրակացի» համալսարանում օրինախախտումներ չարձանագրելու դիմաց Վերահսկիչ պալատի ներկայացուցիչն իրենից պահանջել է 4 հազար դոլարի կաշառք:

Սպարտակ Մելիքյանը այս մասին առաջին անգամ բարձրաձայնել էր նախօրեին` Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի 2009 թվականի հաշվետվության քննարկման ժամանակ:

«Վերահսկիչ պալատի ներկայացուցիչը պահանջել էր 4 հազար, որպեսզի չհայտնվենք սեւ ցուցակի մեջ, եւ մեր մասին վատ արձագանքներ չհնչեն: Մենք էլ կոնկրետ ասացինք, որ մենք կաշառք չենք տալու», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց Մելիքյանը. - «Ես Անանիա Շիրակացու անվան համալսարանի խորհրդի նախագահն եմ հանդիսանում: Զրույցը տեղի է ունեցել իմ եւ Վերահսկիչ պալատի ներկայացուցչի միջեւ: Նա ասաց, որ ամեն ինչ համաձայնեցված է ղեկավարության հետ: Դա ես հասկանում եմ` Իշխան Զաքարյանի հետ, ուրիշ ինչպե՞ս հասկանանք»:

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ չեն դիմել իրավապահներին, պատգամավորը պատասխանեց, որ կարծում էր, որ դա «ընդամենը զրույց է, որը տեղի ունեցավ, եւ հետեւանքներ չի կարող ունենալ»:

Վերահսկիչ պալատի զեկույցում, ի թիվս մի քանի այլ ԲՈՒՀ-երի, խիստ քննադատության էր արժանացել նաեւ «Անանիա Շիրակացի» համալսարանը:

Սպարտակ Մելիքյանը հայտարարեց, թե խախտումների մասին Վերահսկիչ պալատի պնդումները որեւէ հիմք չունեն` «այն փաստերը, որ հրապարակում են, բացարձակ սուտ են»:

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյան
Պատգամավորի հայտարարությանն այսօր Ազգային ժողովի ամբիոնից հակադարձելով` Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը պնդեց, թե համալսարանում արձանագրված խախտումները «միանշանակ ճիշտ են, հիմնավոր են եւ անառարկելի», ուստի Վերահսկիչ պալատը դիմել է դատարան:

Վերահսկիչ պալատի իրավաբանական վարչությունից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, թե իրենց ներկայացրած հայցի պահանջն է` Սպարտակ Մելիքյանին պարտավորեցնել Ազգային ժողովի ամբիոնից հրապարակայնորեն ներողություն խնդրել Վերահսկիչ պալատից: Պալատը պահանջում է նաեւ պատգամավորին պարտավորեցնել հայտարարություն տարածած բոլոր լրատվամիջոցներով հրապարակել դատարանի վճիռը ինչպես նաեւ հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները:

Դեռ նախքան Իշխան Զաքարյանի հայտարարությունը` դատական հայց ներկայացնելու մասին, Սպարտակ Մելիքյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասել էր, թե պատրաստ է իրավական հարթությունում հիմնավորել իր պնդումը կաշառքի մասին:

«Ունեմ փաստեր եւ պատրաստ եմ առերեսման ժամանակ, երբ որ գործը դրան կհասնի, ամեն ինչը բացահայտել», - ասել էր Մելիքյանը: - «Հարկ եղած դեպքում, բացի այս դեպքից նաեւ մի քանի այլ դեպքեր կբերեմ-կհաստատեմ, որ տարբեր համայնքների գյուղապետերից տարբեր չափերով տարբեր հարցեր են լուծել»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG