Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը բարձր է գնահատում Ռուսաստանի հայերի միության գործունեությունը


Սերժ Սարգսյան, արխիվային լուսանկար

Սերժ Սարգսյան, արխիվային լուսանկար

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, չորեքշաբթի առավոտյան ներկա գտնվելով Ռուսաստանի հայերի միության տասնամյա հոբելյանին նվիրված տոնական միջոցառմանը, բարձր գնահատեց միության շարունակական աշխատանքն ու կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող բազմաբնույթ ծրագրերը:

«Մենք մշտապես հետեւում եւ առանձնահատուկ կարեւորություն ենք տալիս ձեր նվաճումներին ու խնդիրներին, քանի որ Ռուսաստանի Դաշնությունում է գտնվում աշխարհի ամենաստվար հայկական համայնքը: Դրանով է նաեւ բացատրվում այն հանգամանքը, որ շարունակաբար ամրացող հայկական կազմակերպությունը` Ռուսաստանի հայերի միությունը, ձգտում է միշտ լինել համահայկական նախաձեռնությունների առաջամարտիկների շարքում: Տարիների հետեւողական աշխատանքի արդյունքն է նաեւ, որ այսօր միությունը դարձել է այն յուրօրինակ ամրասյունը, որն իր շուրջ կարողանում է համախմբել Ռուսաստանի հայությանը», - իր ելույթում ասաց նախագահ Սարգսյանը:

Նա բարձր գնահատեց ռուսաստանաբնակ հայերի ներդրումը հայ - ռուսական համագործակցության ընդլայնման եւ հատկապես դրա տնտեսական բաղադրիչի զարգացման մեջ:

«Պատահական չէ, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է եւ հուսալի գործընկերը: Պատահական չէ նաեւ, որ Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերի ասպարեզում հենց Ռուսաստանն է զբաղեցնում առաջին տեղը: Սա օրինակելի միջպետական հարաբերությունների դրսեւորում է, որի զարգացմանը նաեւ նպաստում է այս երկրում ապրող հայ համայնքը», - ասաց Սարգսյանը:

Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում կարեւորեց միության գոյությունը:

«Կարեւորն այն է, որ կա մի կազմակերպությունը, որն արդեն կայացել է, որը անուն ունի, որի հետ հաշվի է նստում Ռուսաստանի ղեկավարությունը», - ասաց Ղուկասյանը:

Համաձայնելով Սերժ Սարգսյանի ելույթում հնչած այն կարծիքին, որ ինքնուրույն, ձեռներեց հայերին միավորելը բարդ է, Ղուկասյանը ասաց. - «Հայերին ընդհանրապես կազմակերպելը դժվար է, քանի որ ամեն մի հայ համարում է, որ իր շուրջ պետք է համախմբվեն եւ ոչ թե ինքը` ինչ-որ մեկի շուրջ: Դա էլ է նորմալ, միգուցե դա էլ մեր զարգացման համար լավ է, բայց իհարկե, միության անդամների թիվը շատանում է»:

Հայաստանի նախագահը միջոցառման ժամանակ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին պարգեւատրեց Պատվո շքանշանով` հայ - ռուսական բարեկամության խորացման եւ ազգային շահերի պաշտպանության գործում ներդրած նշանակալի անձնական ավանդի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG