Մատչելիության հղումներ

Բաքվում կայացավ Ադրբեջանի եւ Իրանի նախագահների հանդիպումը


Ադրբեջանի նախագահը ողջունում է իրանցի գործընկերոջը, Բաքու, 17-ը նոյեմբերի, 2010թ.

Ադրբեջանի նախագահը ողջունում է իրանցի գործընկերոջը, Բաքու, 17-ը նոյեմբերի, 2010թ.

Բաքվում չորեքշաբթի օրը կայացել է Ադրբեջանի եւ Իրանի նախագահների դեմ առ դեմ հանդիպումը` փակ դռների ետեւում։

Բանակցությունների բովանդակության մասին կողմերը առայժմ մանրամասներ չեն հաղորդում, նշվում է միայն, որ քննարկվել են երկկողմ կապերի զարգացմանը վերաբերող հարցեր։

Ավելի վաղ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հարցազրույց էր տվել ադրբեջանական հեռուստաընկերություններին ու ընդգծել` «մենք եղբայրական երկրներ ենք, եւ մեր հարաբերություններում որեւէ խոչընդոտ չկա, զարգանում են կապերը թե' տնտեսական, թե' քաղաքական եւ թե' մշակութային ոլորտներում»։

Ադրբեջանի իշխանությունների հետ այսօր կայանալիք հանդիպումներից հետո Իրանի նախագահը վաղը կմասնակցի Բաքվում մեկնարկող Կասպյան երկրների առաջնորդների գագաթնաժողովին, որին ներկա կլինեն նաեւ Ղազախստանի, Ռուսաստանի եւ Թուրքմենստանի ղեկավարները։

«Ակնկալվում է, որ այդ հանդիպման ընթացքում կքննարկվեն մի շարք առանցքային հարցեր, կստորագրվեն փաստաթղթեր, որոնք է'լ ավելի կամրապնդեն համագործակցությունը եւ կայունությունը տարածաշրջանում», - հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Բաղիր Բահրամին։

Մասնավորապես, ակնկալվում է, որ Կասպյան հինգ երկրների նախագահները կքննարկեն մինչ այժմ չհամաձայնեցված եւ լուրջ տարաձայնությունների տեղիք տվող` Կասպից ծովի կարգավիճակի հարցը, ինչպես նաեւ անվտանգության ոլորտում համագործակցելու հեռանկարը։

Գագաթնաժողովին լայնորեն անդրադառնում են նաեւ միջազգային լրատվամիջոցները: Հեղինակավոր The Washington Times-ը այսօր հրապարակած հոդվածում նկատում է. - «Այս խորհրդաժողովի ընթացքում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին, եւ այս հանդիպումը առաջինը կլինի երկու երկրների միջեւ հարաբերությունների վատթարացումից ի վեր»։ Ամերիկյան պարբերականը հիշեցնում է, որ վերջին ամիսներին ռուս - իրանական հարաբերություններում կտրուկ սառնություն է արձանագրվում, եւ Իրանի նախագահը հրապարակայնորեն մեղադրում է Ռուսաստանին` Իրանի հակառակորդ երկրին` Միացյալ Նահանգներին «վաճառվելու» մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG