Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Ադրբեջանը պետք է գիտակցի, որ Ղարաբաղի ինքնորոշման ընդունումը այլընտրանք չունի»


Սերժ Սարգսյանի ելույթը «Հայաստան» հիմնադրամի գալա երեկոյի ժամանակ, Մոսկվա, 16-ը նոյեմբերի, 2010թ., լուսանկարը` Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի
Սերժ Սարգսյանի ելույթը «Հայաստան» հիմնադրամի գալա երեկոյի ժամանակ, Մոսկվա, 16-ը նոյեմբերի, 2010թ., լուսանկարը` Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի
«Ինչքան շուտ Ադրբեջանը գիտակցի, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման ընդունումն իր համար այլընտրանք չունի, այնքան շուտ կավարտվեն բանակցությունները», - հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` երեքշաբթի օրը Մոսկվայում ելույթ ունենալով «Հայաստան» համահայկական հիմնադրամի գալա երեկոյին:

«Իսկ պաշտպանական մեր կարողությունների մասին երկու կարծիք լինել չի կարող` մենք ուժեղ ենք, ուժեղ ենք քան երբեւէ, իսկ ամեն հաջորդ օրը շատ ավելի ուժեղ ենք լինելու», - ընդգծեց Հայաստանի նախագահը:

«Աստված վկա է` հայ ժողովուրդը պատերազմ չի ուզում, եւ այժմ էլ մենք նախահարձակ չենք լինելու, բայցեւ մենք չենք անտեսի մեզ նետված մարտահրավերը: Մենք միշտ ամուր ենք եղել մեր հողի վրա, ամուր ենք այսօր, շատ ավելի ամուր ենք լինելու ապագայում», - հայտարարեց Սերժ Սարգսյանը:

«Ձեզ հետ շփումների ժամանակ ես հաճախ եմ հարցեր ստանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետեւողական կայացման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ առկա իրավիճակի, հարեւան հանրապետությունից անընդհատ հնչող ռազմական կոչերի եւ մեր պաշտպանական հնարավորությունների ավելացման մասին: Իմ ուղերձը ձեզ շատ հստակ է` Լեռնային Ղարաբաղը կայացած եւ շարունակաբար ամրացող պետություն է, ավելին ասեմ` շատ ավելի ժողովրդավարական երկիր է, քան հարեւան Ադրբեջանը», - ասաց Հայաստանի նախագահը:

«Հայաստան» հիմնադրամի գալա երեկոյին ներկա էին նաեւ Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը, պաշտոնատար այլ անձինք, 100-ից ավելի ռուսաստանաբնակ հայազգի գործարարներ, այդ թվում` Ռուբեն Վարդանյանը, Սամվել Կարապետյանը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

Երեկոյի ընթացքում անցկացված դրամահավաքը նվիրված էր Ղարաբաղի եւ սահմանամերձ շրջանների ջրային համակարգի վերականգնմանը:

«Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը, երեկոյի մասնակիցներին ուղղված ուղերձում անդրադառնալով Հիմնադրամի գործունեությանը, ընդգծեց, որ համազգային ընդգրկում ունեցող այդ կառույցը կարողացել է տարիներ շարունակ իրականացնել կենսական կարեւորության ծրագրեր:

«Մենք պետք է հիմնավորապես կառուցենք ու վերակառուցենք մեր տունը: Նրա բնակիչները պետք է պաշտպանված լինեն ռազմական, իրավական եւ սոցիալական առումներով: Մենք պետք է շարունակաբար ամրանանք` դրսեւորելով տասը միլիոն հայերի համերաշխությունը: Ազգային արժանապատվությունն այլ կերպ չի լինում», - հայտարարեց նա:

Չորեքշաբթի օրը Հայաստանի նախագահը հանդիպում է ունենալու Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG