Մատչելիության հղումներ

Փաշինյանը պնդում է, որ կալանավայրում իր պահման ռեժիմը խստացվել է


2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ ազատազրկված ընդդիմադիր գործիչ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը կիրակի օրվանից պահվում է առանձին բանտախցում:

Այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիրը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց երեքշաբթի օրը «Կոշ» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած դատական նիստից հետո:

«Քրեակատարողական հիմնարկը տեղյակ պահեց, որ ինքը անվտանգությունը ապահովելու հետ կապված խնդիր ունի: Այսինքն` իրենք պրոբլեմ ունեն, չեն կարողանում, կամ մտավախություն ունեն, որ չեն կարողանա ապահովել իմ անվտանգությունը: Ինձ առաջարկվեց` ասաց արի 3 օրով միջանկյալ լուծում գտնենք, մի խցում դու մնաս այս 3 օրվա ընթացքում, մինչեւ մենք այդ որոշակի հարցերը, որոնք պարզաբանման կարիք ունեն, լուծենք», - պատմեց Փաշինյանը` հավելելով. - «Ես համաձայնել եմ, պայմանով, որ դա իմ ռեժիմի վրա չազդի»:

Այդուհանդերձ, «Հայկական ժամանակի» խմբագրի խոսքով, քրեակատարողական հիմնարկը դրժել է խոստումը, եւ այժմ ինքը խցից դուրս գալու, զանգահարելու կամ արտաքին աշխարհի հետ որեւէ այլ կապ հաստատելու հնարավորություն չունի:

«Իմ ռեժիմը փաստացի խստացվել է», - ասաց նա:

Նոյեմբերի 11-ին Փաշինյանը հայտարարել էր, որ գիշերը քնած ժամանակ իր վրա են հարձակվել դիմակավորված երկու անձինք եւ իրեն ծեծի ենթարկել: Սակայն ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը հերքել էր Փաշինյանի հայտարարությունը:

Փաշինյանը այսօր վերահաստատեց, որ իր վրա իսկապես հարձակում է եղել եւ որ իր ասածը «100 տոկոսանոց ճշմարտություն է»:

Ավելի ուշ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության մամուլի խոսնակ Արսեն Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, Փաշինյանը իր նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ վերջերս արած հայտարարությունից հետո հրաժարվել է մուտք գործել քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտի եւ միջնորդել է ժամանակավորապես մեկուսացնել իրեն՝ իր անվտանգության նկատառումներից ելնելով:

«Հիշյալ միջնորդությունը բավարարվել է եւ առայժմ 5 օրով դատապարտյալը կմնա մեկուսացված վիճակում` համապատասխան հսկողության տակ», - հավելեց Բաբայանը:

Քրեակատարողական վարչության մամուլի խոսնակը պնդեց, որ Փաշինյանը օգտվում է օրենսդրությամբ սահմանված իր բոլոր իրավունքներից։

«Միաժամանակ, հայտնվում է, որ նոյեմբերի 15-ին, ժամը 16:00-ի սահմաններում, պաշտպանի հետ տեսակցելուց հետո, դատապարտյալը, խախտելով քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգը, առանց համապատասխան թույլտվության, լքել է հերթապահ մասը, ինչի կապակցությամբ ՔԿՀ-ի պետի կողմից նշանակվել է ծառայողական քննություն: Արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ», - նաեւ ասաց Արսեն Բաբայանը։


Փաշինյանը վիճարկում է իր պատժաչափը


«Կոշ» քրեակատարողական հիմնարկում երեքշաբթի օրը կայացած դատական նիստում քննարկվում էր Նիկոլ Փաշինյանի պատժաչափի հարցը: «Հայկական ժամանակ» թերթի խմբագիրը վիճարկում է իր պատժաչափի ժամկետը` պնդելով, որ այն պետք է վերանայվի:

Փաշինյանի դատապաշտպան Երվանդ Վարոսյանն ասում է, որ համաներման որոշումից հետո Փաշինյանի կրած պատժաչափի չկրած մասի հաշվարկը սխալ է կատարվել, ինչի արդյունքում Փաշինյանը ազատ կարձակվի 2013 թվականի հունիսին, այսինքն` միայն նախագահական ընտրություններից հետո:

2008-ի հետընտրական զարգացումների առնչությամբ Նիկոլ Փաշինյանը ազատազրկված է 2009 թվականի հուլիսի սկզբից: 2010-ի հունվարին նա դատապարտվեց 7 տարվա ազատազրկման, սակայն Վերաքննիչ դատարանի որոշմամբ Փաշինյանի նկատմամբ համաներում կիրառվեց եւ պատժաչափի չկրած մասը կիսով չափ կրճատվեց:

Որոշման օրինական ուժի մեջ մտնելուց հետո` մայիսի 25-ին, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Տիգրան Նավասարդյանը որոշում կայացրեց Նիկոլ Փաշինյանի պատժաչափը սահմանել 3 տարի 10 ամիս 29 օր` նախնական կալանքի տակ գտնվելու 10 ամիսները եւս համարելով պատժի կրում:

«Սկզբից հաշվակցել են նախաքննության ընթացքում կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը, եւ ոչ թե 7 տարին են բաժանել երկուսի, այլ ավելի քիչ տեւողությամբ ժամանակահատված են բաժանել երկուսի, ինչը, իհարկե, ակնհայտ խախտում է», - հայտարարեց Վարոսյանը:

Սակայն դատախազ Հակոբ Մարտիրոսյանը, հակադարձելով Փաշինյանի փաստաբանի այս պնդումներին, նշեց, որ պատժաչափի կրճատման մասին կայացված որոշումը օրինական է, եւ որեւէ խախտում չի արձանագրվել։

Դատական նիստը այսօր հետաձգվեց եւ կշարունակվի նոյեմբերի 19-ին:
XS
SM
MD
LG