Մատչելիության հղումներ

Ազգային ժողովը երեքշաբթի օրը ընդունեց կառավարության ներկայացրած առաջարկը` նվազագույն աշխատավարձը 2011 թվականի հունվարի 1-ից 32 հազար 500 դրամ սահմանելու մասին` ներկայիս 30 հազարի փոխարեն:

Փաստորեն, նվազագույն աշխատավարձը ավելացվում է ընդամենը 2500 դրամով, այն դեպքում, երբ նվազագույն սպառողական զամբյուղը, ըստ պաշտոնական տվյալների, մոտ 41 հազար 500 դրամ է կազմում:

«Կառավարության ծրագրում եւ Կայուն զարգացման ծրագրում նախատեսված էր, որ 2012 թվականին նվազագույն սպառողական զամբյուղը եւ նվազագույն աշխատավարձը կհավասարվեն: Նախատեսված էր 45 հազար դրամ: Ճգնաժամի պատճառով այս ցուցանիշին մենք այսօրվա վիճակով չենք կարող հասնել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց խորհրդարանի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

Խորհրդարանի ընդդիմադիր կուսակցությունները` Հայ հեղափոխական դաշնակցությունը եւ «Ժառանգությունը» համոզված են, որ հնարավոր է նվազագույն աշխատավարձի ավելի բարձր շեմ սահմանել:

Մասնավորապես, «Ժառանգություն» խմբակցությունը ներկայացրել է օրինագիծ, առաջարկելով նվազագույն աշխատավարձը սահմանել 45 հազար դրամ, որը, սակայն, մերժվել է կառավարության եւ խորհրդարանի համապատասխան հանձնաժողովի կողմից պատճառաբանությամբ, որ «դա վատ կազդի մակրոտնտեսական ցուցանիշների վրա»:

«Եթե մենք ուզում ենք որեւէ գումար աշխատավարձ անվանել, այն իրավունք չունի լինել ավելի ցածր, քան նվազագույն սպառողական զամբյուղը», - ասում է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը:

«Ժառանգության» ներկայացրած օրինագիծն ընդգրկված էր ԱԺ-ի այսօրվա օրակարգում, սակայն խմբակցությունը հետաձգեց քննարկումը:

Դաշնակցությունը եւս նվազագույն աշխատավարձի վերաբերյալ օրինագիծ է մշակել` առաջարկելով այն սահմանել 55 հազար դրամ: Խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի խոսքով, իրականությանը չեն համապատասխանում կառավարության այն պնդումները, թե երկրի բյուջեն ավելի բարձր աշխատավարձ սահմանելու հնարավորություն չի տալիս:

«Բյուջեն այսօրվա եղած ցուցանիշի կրկնակիից ավելի հնարավորություն ունի, եթե իրականացնեն ճիշտ քաղաքականություն` ստվերային տնտեսությունը բերեն հարկային դաշտ, արդյունավետորեն կարողանան իրականացնել պետական ծախսումները, ընդերքի շահագործումը, ինչպես որ շատ զարգացած երկրներում է արվում, ռոյալթիների եւ ռենտային սկզբունքների հիման վրա», - նշեց Մինասյանը:

Խորհրդարանի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, մինչդեռ, նշում է, որ թեեւ նվազագույն աշխատավարձը սահմանվում է 32 հազար 500 դրամ, դա ամենեւին էլ չի նշանակում, թե վճարման չափանիշը դա է:

«Օրինակ` պետական համակարգում նվազագույն աշխատավարձը 40 հազար դրամ է: Շուկայում գործում են պայմանագրային հիմունքներ: Սա չափանիշ է բյուջետային մյուս հաշվարկների համար` հիմք ընդունելով ե՛ւ բազային կենսաթոշակը, ե՛ւ հաշմանդամների, զինծառայողների հետ կապված բոլոր վճարները», - նշեց Հակոբյանը:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանում միջին աշխատավարձը հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 106 հազար դրամ:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG