Մատչելիության հղումներ

logo-print
Թուրքիան սեփական հայեցողությամբ որոշում կկայացնի իր տարածքում հակահրթիռային համակարգեր տեղակայելու՝ ՆԱՏՕ-ի ծրագրերի վերաբերյալ:

«Առայժմ այդ ծրագիրը քննարկման փուլում է, եւ վերջնական որոշում կայացված չէ», - երկուշաբթի օրը թուրքական հեռուստաընկերություններից մեկի եթերում հայտարարել է արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։

Ընդգծելով, որ, որոշ վերլուծաբանների համոզմամբ, հավանություն տալով այդ ծրագրին՝ Թուրքիան կսրի հարաբերությունները մահմեդական հարեւանի՝ Իրանի հետ, իսկ մերժելով՝ հակազդեցության մեջ կմտնի ՆԱՏՕ-ի ու Միացյալ Նահանգների հետ, Դավութօղլուն ասել է. - «Անկարան մտադիր չէ նախապատվություն տալ այս կամ այն դաշնակցի հետ հաստատված հարաբերություններին. մենք մեր որոշումը կկայացնենք՝ հիմնվելով մե՛ր ազգային շահերի ու հետաքրքրությունների վրա»։

Երկուշաբթի երեկոյան խնդրին անդրադարձել է նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը եւ որոշակի պայմաններ առաջադրել Հյուսիսատլանտյան դաշինքին։

«Եթե ՆԱՏՕ-ն ուզում է Թուրքիայի տարածքում հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղակայել, ապա Անկարան պետք է որոշակիորեն մասնակցի դրա կառավարմանը, հակառակ դեպքում անհնար կլինի այս հարցում Թուրքիայի հետ համաձայնության հասնել», - ընդգծել է Էրդողանը։

Բացի այդ, Անկարան պահանջում է, որպեսզի համակարգի տեղակայման մասին վերջնական փաստաթղթում որեւէ կոնկրետ երկիր չնշվի որպես դրա թիրախ:

«Ես այս մտահոգությունները քննարկել եմ նաեւ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ, ամերիկյան կողմը կարծես դրական է նայում այս պահանջներին», - հայտարարել է Էրդողանը։

Ակնկալվում է, որ խնդրի շուրջ պաշտոնական քննարկումները կսկսվեն այս շաբաթվա վերջին՝ Լիսաբոնում նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG