Մատչելիության հղումներ

National Times ավստրալական պարբերականը հրապարակել է Ավստրալիայի պետական համալսարանի արվեստի եւ սոցիալական գիտությունների քոլեջի դասախոս, պրոֆեսոր Քոլին Տատցի հոդվածը, որը նվիրված է Թուրքիայի հետ հարաբերություններին, հայ - թուրքական վեճին եւ ցեղասպանության ժխտման թեմաներին։ Նրան պատասխանել է Ավստրալիայում Թուրքիայի դեսպան Օգուզ Օզգեն, ով պնդել է, որ ցեղասպանություն տեղի չի ունեցել։

Ըստ պրոֆեսորի` ավստրալացիների ազգային մտածելակերպում, ինչպես նաեւ պատմության դասագրքերում ամրագրված է այն գաղափարը, որ «Ավստրալիան` որպես պետություն, ծնվել է Գալիպոլիի թերակղզու ափին»։

Գալիպոլին (թուրքերեն` Չանաքքալե) Առաջին համաշխարհային պատերազմի առանցքային էջերից էր, 1915 թվականի ապրիլի վերջից մինչեւ 1916 թվականի հունվար բրիտանական եւ ֆրանսիական զորքերը փորձել են գրավել Օսմանյան կայսրության այն տարիների մայքարաղաք Ստամբուլը եւ ծովային ապահով միջանց բացել դեպի Ռուսաստան։ Փորձը ձախողվել է, երկու կողմերը ծանր կորուստներ են կրել` դաշնակիցների զոհերի թիվը 45 հազար էր, վիրավորներինը` 97 հազար, թուրքական բանակի մոտ 87 հազար զինծառայող զոհվել է, 165 հազարը վիրավորվել։

Այդ ճակատամարտից է սկսվել Թուրքիայի անկախության համար պատերազմը, եւ այն առաջնորդել է Գալիպոլիում թուրքական ուժերի հրամանատար, ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուսթաֆա Քեմալ փաշան, որին հետագայում Թուրքիայում անվանել են Աթաթուրք։

Բրիտանական ուժերի հետ թուրքերի դեմ կռվել են նաեւ Նոր Զելանդիայի եւ Ավստրալիայի զորամիավորումները։ Պատերազմից հետո Աթաթուրքը կարգադրել է կառուցել օտարերկրացի զոհված մարտիկների հուշարձան եւ հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին, իսկ 1935 թվականին իր հայտնի ելույթում ասել է. - «Այդ զինվորները հանգչում են մեր երկրում, ուրեմն, նրանք նաեւ մեր երեխաներն են»։ Ամեն տարի ապրիլի 25-ը նշվում է որպես Գալիպոլիի զոհերի հիշատակի օր։

Գալիպոլին նաեւ մեծ նշանակություն է ունեցել Ավստրալիայի ինքնահաստատման եւ կայացման համար։ Պրոֆեսորը գրում է, որ առաջիկայում թուրքերն ու ավստրալացիները նորից համատեղ կմասնակցեն ոգեկոչման հանդիսավոր արարողություններին։

Սակայն կա մի հանգամանք, որը ազդեցություն է գործում այդ հուզիչ արարողությունների վրա, դա ամբողջ աշխարհում հետզհետե տարածում ստացող այն ըմբռնումն է, որ Թուրքիան 1915-1922 թվականների ընթացքում ցեղասպանություն է գործել։

Ավելի քան 25 պետություն եւ ավելի քան 50 տեղական վարչակազմեր, այդ թվում Ավստրալիայի երկու նահանգ` Նոր Հարավային Ուելսը եւ Հարավային Ավստրալիան, պաշտոնապես ճանաչել են այն իրողությունը, որ Թուրքիան փորձել է ոչնչացնել մոտ 3 միլիոն հայեր, ինչպես նաեւ 1 միլիոն պոնտացի հույներ եւ քրիստոնյա ասորիներ, որ ավելի քան մեկեւկես միլիոն հայ տանջամահ է արվել` գլխատվել, գնդակահարվել, խաչվել, կախաղան հանվել, խոշտանգվել։

Ապա պրոֆոեսոր Քոլին Տատցը գրում է, որ Թուրքիան` թե' երկրի ներսում եւ թե' արտասահմանում, բոլոր մակարդակներում ամեն կերպ փորձում է հերքել, հակազդել Հայոց ցեղասպանության մասին ամենաաննշան իսկ ակնարկներին։ Թուրքերի գործողությունները երբեմն անհեթեթության աստիճանի են հասնում, օրինակ, նրանք պահանջել են ցեղասպանության թեման չընդգրկել Բրիտանական հանրագիտարանի հայերի բաժնում, սպառնացել են խզել դիվանագիտական հարաբերությունները ցեղասպանությունը ճանաչած Ֆրանսիայի հետ, Ավստրալիայում մի հեռուստաընկերությունից պահանջել են Հայոց ցեղասպանության մասին հաղորդման ընթացքում վազող տողով գրել` «ցեղասպանություն տեղի չի ունեցել», ընդդիմացել են Սիդնեյում ասորիների հուշարձանի տեղադրմանը եւ այլն։

Թուրքերը, ըստ պրոֆեսորի, բազում բացատրություններ են ներկայացնում, օրինակ` պնդում են, թե մի շարք երկրներ` Բելգիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Գերմանիան, Շվեդիան, Վատիկանը, Լեհաստանը, Շվեյցարիան, հակաթուրքական դավադրություն են ծրագրում եւ փորձում են Թուրքիան ներկայացնել որպես ցեղասպան պետություն։ Գրում են, թե աշխարհասփյուռ հայերը կեղծում են ճշմարտությունը եւ վարկաբեկում թուրքերին։ Պնդում են, թե ցեղասպանության մասին վկայություններ արձանագրած ականատես պատմաբանները կամ դիվանագետները` բրիտանացիներ Առնոլդ Թոյնբին եւ Վիսկոնտ Բրյուսը, գերմանացի Յոհանես Լեփսիուսը, ամերիկացի Հենրի Մորգենթաուն, հորինել են իրենց օրական զրույցները Թալեաթ փաշայի կամ Էնվեր փաշայի հետ` նպատակ ունենանով վիրավորել թուրքերի արժանապատվությունը։ Թուրքերը պնդում են, թե միայն դաշնակիցների ճնշման ներքո է Ստամբուլի զինվորական դատարանը 1919 թվականին պատերազմի հանցագործությունների մեղադրանքով հեռակա կարգով մահվան դատապարտել մի քանի հանցագործի եւ մոտ երեք տասնյակի էլ բանտ է նետել։

Պրոֆեսորը գրել է, որ ըստ թուրքերի` ավստրալացի ռազմագերիները կեղծ լուսանկարներ են պատրաստել, փորձելով այդպես ապացուցել, որ Գալիպոլիի ճակատամարտի ժամանակաշրջանում իրենք չափազանց ծանր պայմաններում են պահվել։

Քոլին Տատցը գրում է, որ «վաղ թե ուշ, ընդ որում, «վաղն» ավելի հավանական է, ամերիկյան Կոնգրեսում կապահովվի ճանաչման համար անհրաժեշտ քվեների երկու երրորդը, Բրիտանիայի կառավարությունը կգերադասի ետ չմնալ, նույնը կանեն ավելի մեծ թվով ավստրալական նահանգներ, եւ Ավստրալիայի դաշնային իշխանությունը, բնավ չցանկանալով, անխուսափելիորեն ստիպված կլինի ճանաչել ցեղասպանությունը»։ Ավստրալիան, ըստ պրոֆեսոր Տատցի, կհայտնվի լուրջ երկընտրանքի առջեւ։

Բայց, ավստրալացի պրոֆեսորի համոզմամբ, կա նաեւ առաջ տանող ուղի` մի կողմ դնել այս կարգի պնդումները, թե «հարկ է սպասել պատմաբանների գնահատականին» եւ «քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշված էին հայ հեղափոխականներ», եւ ճանաչել ճշմարտությունը, բացել օսմանյան արխիվները եւ ներողություն խնդրել, կամ գոնե ափսոսանք հայտնել։ Այդ պարկեշտ ճանապարհով Թուրքիան ավելի արագ կանդամակցի Եվրամիությանը։ Իսկ Բուլղարիայում 1876 թվականի ջարդի, Աբդուլ Համիդի օրոք 1894-96 թվականների 200 հազար հայերի սպանդի, 1915-ին երիտթուրքերի ձեռքից մեկեւկես միլիոն հայերի կոտորածի հերքումը առհավետ կլինի խոչընդոտ հարաբերությունների բարելավման ճանապարհին։

Պրոֆեսորը գրում է, թե «անճոռնի» անցյալի ժխտումը զսպում է Թուրքիայի առաջընթացը, մինչդեռ, թուրքերի համար ժխտումը դարձել է պատվի հարց, նրանք կարծում են, որ ընդունումը կդառնա բիծ, որը թույլ չի տա միանալ արժանապատիվ ազգերի ընտանիքին, քանի որ, ըստ թուրքերի, այդ ազգերը չեն կարող ցեղասպանություն գործել։ Դա սխալ թեզ է, գրում է պրոֆեսորը, հենց այդ «արժանապատիվ ազգերը»` ամերիկացիները, կանադացիները, ֆրանսիացիները, բելգիացիներիը, իտալացիները, գերմանացիները, ավստրիացիները, իսպանացիներն ու ավստրալացիները ընդունել են իրենց անցյալը։

National Times պարբերականը հրապարակել է նաեւ Ավստրալիայում Թուրքիայի դեսպան Օգուզ Օզգերի պատասխանը պրոֆեսոր Քոլին Տատցի հոդվածին։

Դեսպանը պնդում է, որ պրոֆեսորը ակնհայտորեն հայերի կողմից է, որ 1915-ին հայերի հետ տեղի ունեցածը վիճելի հարց է, եւ դա ոչ մի դեպքում չի կարելի որակել որպես ցեղասպանություն։

Ավելին, ըստ դեսպանի, «վերջին շրջանում փորձեր են արվում համոզել, որ թուրքերը դաժան վերաբերմունք են ունեցել Գալիպոլիում ավստրալացի եւ նորզելանդացի ռազմագերիների նկատմամբ»։ «Չի կարելի թույլ տալ, որ այդ չհիմնավորված պնդումները վնաս հասցնեն Ավստրալիայի եւ Թուրքիայի երկարատեւ հարաբերություններին», - գրել է Օգուզ Օզգեն։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG