Մատչելիության հղումներ

Գեղարքունիքում կառուցված ապօրինի ՀԷԿ-ը դեռեւս ապամոնտաժված չէ


Արգիճի գետի Գայլաձոր վտակի վրա կառուցված ապօրինի ՀԷԿ-ը, արխիվ

Արգիճի գետի Գայլաձոր վտակի վրա կառուցված ապօրինի ՀԷԿ-ը, արխիվ

Արգիճի գետի Գայլաձոր վտակի վրա կառուցված ապօրինի ՀԷԿ-ը դեռեւ ապամոնտաժված չէ, թեեւ կառուցապատող «Զանգեզուր Էքսիմպ» ընկերությունը ընդամենը երեք օր ունի այն ապամոնտաժելու համար, տեղեկացնում են «SOS Արգիճի» նախաձեռնության անդամները։

«SOS Արգիճի» նախաձեռնության անդամները հիմնականում Արգիճի գետի մոտ բնակվող հինգ գյուղերի բնակիչներն են, որոնց միացել են նաեւ մի շարք բնապահպանական հասարակական կազմակերպություններ: Հուլիսին Մարտունու 5 համայնքների բնակիչներ մոտ 4 ժամով փակել էին Երեւան-Սեւան մայրուղու Երեւան-Մարտունի ճանապարհահատվածը` իրենց բողոքն արտահայտելով Գայլաձորի հունը փոքր ՀԷԿ կառուցելու նպատակով դեպի Վայոց ձոր ուղղելու դեմ:

2009 թվականին կառուցված ՀԷԿ-ը ապօրինի է ճանաչվել ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի կողմից: Այդ տարածքում ապրող բնակիչների պնդմամբ` ապօրինի շինարարական աշխատանքների արդյունքում խախտվել է Արգիճի գետի` Սեւանա լիճը սնուցող ջրային երակի էկոհամակարգը եւ լեռնային լանդշաֆտը:

Ապօրինի շինարարության համար Գեղարքունիքի մարզպետարանը կառուցապատող «Զանգեզուր Էքսիմպ» ընկերությանը տուգանել է 400 հազար դրամով: Գումարը ընկերությունը, Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի տեղակալ Բագրատ Կռոյանի հավաստմամբ, սահմանված ժամկետում արդեն ինքնակամ մուծել է:

Սակայն տուգանքից բացի, հոկտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզպետը ընկերությանն ուղղված պաշտոնական նամակով մեկ ամիս ժամանակ էր տվել` «Արգիճի գետի Գայլաձոր վտակի վրա առանց հողահատկացման եւ առանց շինարարության թույլտվության իրականացված կառույցը ապամոնտաժելու, ինչպես նաեւ հետեւանքները վերացնելու եւ տարածքը նախկին վիճակին վերադարձնելու համար»: Ժամկետը լրանում է նոյեմբերի 19-ին, սակայն ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Վերին Գետաշեն գյուղի բնակիչ Վարդան Գալստյանը, դեռեւս ոչ մի աշխատանք չի կատարվել:

«Այս ամիսների ընթացքում Վայոց ձորում իրականացվել է միայն խողովակաշարերի ապամոնտաժում, իսկ Գայլաձորում ոչ մի աշխատանք չի կատարվել: Ընդամենը մնացել է 3 օր, սակայն նման ժամկետում ոչ մի աշխատանք չեն կարող սկսել եւ ավարտել, որ համապատասխանի այդ ժամանակացույցին», - ասում է Գալստյանը:

Բագրատ Կռոյանն ասում է, որ ինքը խոսել է «Զանգեզուր Էքսիմպ»-ի տնօրենի հետ, եւ վերջինս նրան ասել է, որ հնարավոր է` մնացած 3 օրվա ընթացքում էլ ամեն ինչ անեն:

Մինդեռ «Սոս Արգիճի» նախաձեռնության անդամները պնդում են, թե ապօրինի կառույցը չապամոնտաժելը մարզպետարանի անհետեւողական աշխատանքի արդյունք է:
XS
SM
MD
LG