Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 16-ի մամուլ


«Հայոց աշխարհ»-ը գրում է. - «ԵԱՀԿ-ի Աստանայի գագաթաժողովի նախօրեին Ադրբեջանի որդեգրած բացահայտ պատերազմական շանտաժի գործելակերպը վերջին օրերին հարկադրեց Հայաստանի ղեկավարությանը դիմելու այնպիսի համարժեք քայլերի, որոնք առայժմ հստակորեն շրջափակում են հակառակորդի քաղաքական ակտիվությունը»: Ի մի բերելով ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին շրջանում ծավալված իրադարձություններն ու, մասնավորապես, ընդգծելով Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զորավարժությունների փաստը, թերթը ամփոփում է. - «Ընդամենը երկու շաբաթ անց Աստանայում նախատեսված է ԵԱՀԿ գագաթաժողովը, որի ընթացքում նախատեսվում է նաեւ Արցախի հիմնախնդրի քննարկում։ Պարզ է, որ այս զորավարժությունները որոշակի «մեսիջ» են հիմնախնդրի կարգավորմանը հետամուտ միջնորդներին ու, ինչո՞ւ ոչ, նաեւ ադրբեջանական կողմին, որ Հայաստանը թույլ չի տա իր ու Արցախի հետ խոսել ուժի դիրքերից, որ Հայաստանը եւ Արցախը հաստատակամ ու աներեր են խնդրի խաղաղ կարգավորման իրենց նախանշած դիրքորոշման մեջ։ Ի վերջո, խաղաղության լավագույն երաշխիքը պատերազմին պատրաստ լինելն է»։

Գնահատելով Սերժ Սարգսյանի նույն հայտարարությունը` «Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Եկեք հասկանանք, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը նման հայտարարություն արեց: Բանն այն է, որ քաղաքական առումով այդ հայտարարությունը կոպտագույն սխալ էր: Տեքստն, իհարկե, լավն էր, բայց դա պիտի ԼՂՀ նախագահն արտասաներ: Հակառակ դեպքում ստացվում է, որ Ղարաբաղը ձգտում է անկախության, անվտանգության նկատառումներով տարածքներ է ազատագրել, ունի սեփական բանակը, բայց «հարեւան երկրի» նախագահը գալիս ու հայտարարում է, թե «այս անգամ մեր հարվածը պիտի լինի կործանարար»: Այսինքն` Սերժ Սարգսյանը բացահայտորեն հայտարարում է, որ Ղարաբաղում Հայաստանի՛ բանակն է կանգնած, Աղդամում ՀՀ զինված ուժերն են, ինքն էլ այդ ուժերի գերագույն-գլխավոր հրամանատարն է: Զինվորների մարտական ոգին բարձրացնելու խնդիրը հասկացանք, բայց չէ՞ որ սա լրացուցիչ հաղթաթուղթ է տալիս բոլոր նրանց, ովքեր ձգտում են Հայաստանը պաշտոնապես ճանաչելու որպես ագրեսոր»:

«Առավոտ»-ը զրուցել է գյումրեցի մի գործարարի հետ, ով մտադիր է լքել երկիրը` իր բիզնեսը տեղափոխելով Վրաստան: «Առավոտ»-ի հարցին, թե ինչո՞ւ հատկապես Վրաստան, մի՞թե հարեւանները ավելի լավ պայմաններ են ստեղծում գործարարների համար, գործարարը պատասխանել է. - «Վրաստանը նախ իր մենթալիտետով` նիստուկացով, շարժուձեւով նման է մեզ, ես երեխաների մասին եմ մտածում, որ չփոխվեն, չփչանան, իսկ Վրաստանում հայ համայնքը բավականին մեծ է, կարող են հայ մնալ: Վրաստանն այսօր օրենքի երկիր է: Նախ այստեղ միասնական հարկեր են գործում` 18 տոկոս, սոցվճարները մոտավորապես 3 հազար դրամի կարգի են, ի տարբերություն մեր երկրի, հետո Վրաստանում կարող ես ծախսերդ հիմնավորել, էստեղի պես չէ, որ ներմուծված ապրանքի համար փաստաթուղթ չտան, կամ էլ սահմանակետում եթե թափով հովանավոր ունեցար, էժան բերես, էժան կձեւակերպես, պետության հարկը քիչ մուծես»:

«Հայկական ժամանակ»-ը տպագրել է գծապատկերներ, որոնց վրա գրաֆիկորեն ցուցադրել է լայն սպառման մի շարք սննդամթերքների, այդ թվում` յուղի, տոմատի, հնդկաձավարի, ձվի, խտացրած կաթի, ձեթի, բրնձի, պանրի գների կտրուկ թանկացման իրողությունը: Մեկնաբանելով այս գրաֆիկները` «Հայկական ժամանակ»-ը հիշեցնում է Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե միջին աշխատավարձը աճել է 8 տոկոսով, իսկ գները աճել են 4.8 տոկոսով: Թերթը եզրակացնում է. - «Սա նշանակում է, որ ոչ Սերժ Սարգսյանը, ոչ էլ ավելի ցածր պաշտոնյաները բացարձակապես տեղյակ չեն, թե ինչ է կատարվում իրենց աշխատասենյակներից, բնակարաններից, ամառանոցներից, սառնարաններից ու ավտոմեքենաներից անդին: Ոչ գիտեն, ոչ ուզում են իմանալ, ոչ էլ նրանց հետաքրքրում է: Իրենց թվում է, թե եթե իրենք ճամպրուկներով փող ունեն ու չեն զգում հացի, կարագի, շաքարավազի, պանրի թանկացումը, ապա ուրիշներն էլ չեն զգում»:

«Կապիտալ» օրաթերթը տեղեկացնում է, որ Հայաստանի բանկային համակարգի կուտակած շահույթը 2010 թվականի 9 ամիսներին աճել է 14.9 տոկոսով, իսկ տարվա կտրվածքով այդ աճը կազմել է 24.7 տոկոս` հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմելով 86.1 միլիարդ դրամ կամ 238.2 միլիոն դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG