Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը երեքշաբթի օրը ժամանեց Մոսկվա, որտեղ կգտնվի երկօրյա աշխատանքային այցով:

Պատվիրակության կազմում են Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանը, Ռուսաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, այլ պաշտոնյաներ:

Այցի ընթացքում նախատեսված են երկկողմ հանդիպումներ, Սերժ Սարգսյանը մասնակցելու է նաեւ մի շարք միջոցառումների:

Երեկոյան Հայաստանի նախագահը կմասնակցի «Հայաստան» համահայկական հիմնադրամի գալա երեկոյին, որի ժամանակ կանցկացվի ավանդական ամենամյա դրամահավաքը: Երեկոյին ներկա են լինելու ռուսաստանցի հայ գործարարները:

Նախագահի հիմնական հանդիպումները կայանալու են չորեքշաբթի օրը, երբ Սարգսյանը երկկողմ հանդիպումներ կունենա Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: Առավոտյան Հայաստանի նախագահը «Պրեզիդենտ» հյուրանոցում մասնակցելու է նաեւ Ռուսաստանի հայերի միության տասնամյա հոբելյանին նվիրված համագումարին: Նույն օրը երեկոյան Կրեմլում կլինի տոնական համերգ, որին նույնպես ներկա կգտնվի Հայաստանի նախագահը:

Նոյեմբերի 18-ի առավոտյան Սարգսյանը Հայաստանի դեսպանատանը պետական շքանշաններ կհանձնի հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանին, Russia Today հեռուստաընկերության ղեկավար Մարգարիտա Սիմոնյանին եւ այլոց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG