Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը «հետաքրքրված է» հայկական ատոմակայանի կառուցման ծրագրով


ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Եվրոպական եւ Եվրասիական երկրներին ամերիկյան օժանդակության ծրագրերի համակարգող Դենիել Ռոզենբլում

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Եվրոպական եւ Եվրասիական երկրներին ամերիկյան օժանդակության ծրագրերի համակարգող Դենիել Ռոզենբլում

Միացյալ Նահանգները հույս ունի, որ ամերիկյան ընկերությունները կմասնակցեն Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման աշխատանքներին: Այս մասին երկուշաբթի օրը Երեւանում հայտարարեց ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Եվրոպական եւ Եվրասիական երկրներին ամերիկյան օժանդակության ծրագրերի համակարգող Դենիել Ռոզենբլումը:

Հիշեցնենք, Հայաստանի կառավարության եւ ռուսաստանյան «Ռոսատոմ» կորպորացիայի միջեւ օգոստոսին ստորագրված համաձայնագրի համաձայն ատոմակայանի նոր էներգաբլոկի միջուկային կղզյակը կառուցելու է ռուսական «Ատոմստրոյէքսպորտը»: Սակայն անվտանգության սարքավորումների մատակարարման համար մրցույթ է հայտարարվելու, եւ հայաստանցի պաշտոնյաների հավաստիացմամբ մրցույթին կարող են մասնակցել տարբեր երկրների կազմակերպություններ: Ըստ Դենիել Ռոզենբլումի, այդ հարցին այսօր անդրադարձել են հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստում:

«Մենք հետաքրքրված ենք, որպեսզի ամերիկյան ընկերությունները հնարավորություն ունենան մասնակցել: Հայաստանի կառավարության հետ երկար տարիներ սերտորեն համագործակցել ենք միջուկային անվտանգության, ատոմակայանի անվտանգ շահագործման հարցերի շուրջ: Այդ ոլորտում պատրաստ ենք շարունակել համագործակցությունը: Բայց միաժամանակ, կողջունենք, եթե ամերիկյան մասնավոր սեկտորը հնարավորություն ունենա ներգրավվել նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքներում», - նշեց ամերիկացի պաշտոնյան:

Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստում անդրադարձ է եղել նաեւ ամերիկյան կառավարության աջակցությամբ իրականացվող «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին: Նիստից հետո Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում Դենիել Ռոզենբլումը հայտարարեց, որ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի կողմից Հայաստանում ֆինանսավորվող ծրագրերը կավարտվեն 2011 թվականի սեպտեմբերին։

Անցյալ տարի կորպորացիայի կողմից որոշ ծրագրերի ֆինանսավորումը սառեցվեց: Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք հայկական կողմի հետ քննարկվել է սառեցված ծրագրերի վերաֆինանսավորման հարցը, Դենիել Ռոզենբլումը պատասխանեց. - «Այո, նախատեսված ոչ բոլոր ծրագրերն են, որ հիմա իրականացվում են «Հազարամյակի մարտահրավերներ»-ի շրջանակներում: Որքան գիտեմ` չիրականացված ծրագրերի, մասնավորապես, ճանապարհաշինության ծրագիրը շարունակելու համար Հայաստանի կառավարությունը փորձում էր գտնել ֆինանսավորման այլ ուղիներ Համաշխարհային բանկի եւ այլ կառույցների միջոցով»:

Իր հերթին` Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը տեղեկացրեց, որ Համաշխարհային բանկի օժանդակությամբ ճանապարհաշինության ծրագրի մեծ մասը իրականացված է:

Հաջորդ ֆինանսական տարում Հայաստանը Միացյալ Նահանգներից ստանալու է 44 միլիոն դոլարի ուղղակի օգնություն: Արձագանքելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպես են ծախսվելու այդ գումարները, Ներսես Երիցյանը պատասխանեց, որ գումարի շուրջ 30 միլիոնը ուղղվելու է տնտեսական եւ սոցիալական ոլորտների բարեփոխումներին:

«20-22 միլիոնից ավելի օժանդակությունը ձեռնարկությունների եւ մրցունակության զարգացման ու ընդլայնման ուղղությամբ է ծախսվելու: 8 միլիոն եւ ավելի դոլար գումար ծախսվելու է սոցիալական խնդիրների, սոցիալական ոլորտում, առողջապահության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ», - մանրամասնեց նախարարը:

Ասուլիսից հետո «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը գոհ է հայկական կողմի առաջարկած այս ծրագրերից, Դենիել Ռոզենբլումը պատասխանեց. - «Շատ լուրջ ջանքեր են գործադրվում առավելագույն արդյունքի հասնելու համար: Իհարկե, բարելավման տեղ միշտ էլ կա, եւ մենք փորձում ենք այնպես անել, որ մեր աջակցությունը ճիշտ նպատակին ծառայի»:

Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովն այսօր քննարկել է նաեւ բիզնեսի առավել նպաստավոր միջավայրի ձեւավորման խնդիրը, որպեսզի, ինչպես նշեց ամերիկացի պաշտոնյան, հավասար պայմաններ ապահովվեն Միացյալ Նահանգներում հայ գործարարների, իսկ Հայաստանում` ամերիկացի գործարարների համար:

Հարցին, թե վերջերս ԱՄՆ-ում բացահայտված հայկական հանցախմբի թեմային հանձնաժողովի այսօրվա նիստում անդրադարձ եղե՞լ է, թե ոչ, Ներսես Երիցյանը բացասական պատասխան տվեց:
XS
SM
MD
LG