Մատչելիության հղումներ

logo-print

Խորհրդարանական մեծամասնությունը ողջունում է Օմբուդսմենի տարեկան զեկույցը


Ազգային ժողովի կոալիցիոն ուժերը դրական են գնահատում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած տարեկան զեկույցը, որը վերաբերում է 2009 թվականին, մինչդեռ ընդդիմադիր պատգամավորները դժգոհ են զեկույցից:

Զեկույցը քննարկվել է երկուշաբթի օրը խորհրդարանում, որին սակայն չի մասնակցել Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը` հանրապետությունից բացակայելու պատճառով:

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանի գնահատմամբ` այս զեկույցը շահեկանորեն տարբվերվում է նախորդից, այն ավելի օբյեկտիվ ու կառուցողական է: Մինչդեռ պատգամավորը խիստ բացասական գնահատականներ տվեց Մարդու իրավունքների պաշտպանի 2008 թվականի զեկույցին: Ըստ նրա` նախորդ զեկույցով Մարդու իրավունքների պաշտպանը գերազանցել է իր լիազորությունները, մինչդեռ այս անգամ հրաժարվել է քաղաքական գնահատականներից եւ զերծ է մնում պետությանը կամ պետական մարմիններին հեղինակազրկող հայտարարություններից, բայց միեւնույն ժամանակ շատ օբյեկտիվորեն է վերլուծում իրադրությունը:

Մարդու իրավունքների պաշտպանը, ըստ Ռաֆիկ Պետրոսյանի, այս անգամ կոնկրետ նշում է, թե պետական որ մարմինը ինչ խախտումներ է կատարել, եւ առաջարկներ է անում այդ ուղղությամբ:

Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության քարտուղար, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի բնորոշամբ` այս զեկույցով մարդու իրավունքների պաշտպանությունը զուտ լրագրողական աշխատանք է դարձել:

«Ես կարծում եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանը եւ նրա հաստատությունը 2009 թվականի ընթացքում հետեւողական չեն եղել արդեն իսկ ոտնահարված իրավունքների վերականգնման ուղղությամբ», - ասում է Ալավերդյանը:

ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի եւս բավարար չի համարում այս զեկույցը: «Դեռեւս պահպանվում է ֆորմալ առումով խախտումների վերաբերյալ ընդամենը տեղեկացվածությունը` առանց կառուցվաքային եւ ֆունկցիոնալ առաջարկություններ ներկայացնելու», - ասում է Մինասյանը:

Արծվիկ Մինասյանի կարծիքով` այն, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը այսօր հավուր պատշաճի ֆինանսավորում չի ստանում պետությունից, եւ որ Արմեն Հարությունյանը 2008-ի զեկույցից հետո իրավապահ համակարգի պաշտոնյաների դաժան քննադատությանն արժանացավ, վկայում է, որ որ «Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը նաեւ սահմանափակվում է այն անձանց կողմից, ովքեր ֆինանսավորման մարդկային ազդեցության ոլորտով են ազդում այդ ինստիտուտի վրա»:
XS
SM
MD
LG