Մատչելիության հղումներ

ԼՂ-ում Հայաստանի նախագահի հայտարարությունը ուղղված էր Ադրբեջանին եւ միջազգային հանրությանը


Քաղաքագետ Դավիթ Հովհաննիսյանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի նկատմամբ կա ուժեղ միջազգային ճնշում, քանի որ վերջին շրջանում «աշխարհի տարբեր ծայրերում հանկարծ կրիմինալ, հանցագործ եւ հայ բառերը սկսեցին իրար հետ կապակցված օգտագործվել»:

Սակայն, ըստ քաղաքագետի, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանություն բանակի զորավարժությունների ժամանակ Հայաստանի նախագահի հնչեցրած հայտարարությունը «որոշակիորեն պետք է ցույց տա, որ Հայաստանի նկատմամբ Լեռնային Ղարաբաղի հարցով իրականացվող ճնշումները չեն աշխատում»:

Նոյեմբերի 1-14-ը Լեռնային Ղարաբաղում ընթացած Պաշտպանության բանակի զորավարժությունների ավարտին, որին ներկա էին նաեւ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նախագահները, Սերժ Սարգսյանը, մասնավորապես, հայտարարեց. – «Մենք երբեք նախահարձակ չենք կարող լինել, բայց եթե պահը գա, եթե մեզ պարտադրեն, ապա այս անգամ մեր հարվածը պետք է լինի կործանարար եւ վերջինը»:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության երկուշաբթի օրը տարածած հաղորդագրության համաձայն, հինգ փուլով իրականացված մարտավարական զորախաղերում ներգրավված են եղել զրահատանկային, հրթիռահրետանային, հակաօդային, օդային եւ այլ զորատեսակներ, որոնք ցուցադրել են պաշտպանողական ու հակահարձակողական մանեւրներ:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանի խոսքով` Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի մասշտաբային զորավարժությունների անցկացումը եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի աննախադեպ սուր հայտարարությունը ցույց են տալիս հայկական կողմի վճռականությունը, որ ղարաբաղյան բանակցային գործընթացում անընդունելի զիջումներ չեն արվելու:

Մեկնաբանելով Հայաստանի նախագահի հայտարարությունը` Մանվել Սարգսյանն ասում է, որ դա արված էր ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ միջազգային հանրության համար` հասկացնելու, որ Հայաստանը չի կարող սպասել, թե ինչպես է աշխարհը Ադրբեջանի հետ համաձայնությունների գալու:

Փորձագետի կարծիքով` Հայաստանը դիմում է նման քայլերի` հատկապես վերջին շրջանում Ադրբեջանի ղեկավարության կողմից շարունակվող ռազմատենչ հայտարարությունների ու շփման գծում չդադարող բախումների պատճառով:

«Ադրբեջանի նախագահը մեծ մտավախություններ ունի. միջազգային հանրությունը կարող է իր վերաբերմունքը փոխել ղարաբաղյան խնդրի նկատմամբ, պրոցեսներ են գնում, ճանաչվում են նոր երկրներ, եւ նա երեւի թե ամեն կերպ փորձում է թե՛ Հայաստանին, թե՛ միջազգային հանրությանը համոզել, որ երբեւէ նրանց որեւէ որոշման հետ համաձայն չի լինի, եւ դրան կհակադրի իր բանակի ուժեղացման կուրսը», - ասում է Մանվել Սարգսյանը:

Դավիթ Հովհաննիսյանի կարծիքով` Հայաստանի նախագահի նման կտրուկ հայտարարությունը եւ այդ կարգի զորավարժությունների անցկացումը կարելի է անգամ փոքր-ինչ ուշացած համարել. - «Արդեն տարիներ շարունակ փորձ է կատարվում սարսափեցնել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հնարավոր պատերազմով, սակայն Լեռնային Ղարաբաղի հարցն այն հարցն է, որտեղ մեր հասարակությունը տրամադրված չէ տեղի տալու որեւէ ճնշումների»:

Քաղաքական վերլուծաբանները քիչ հավանական են համարում առաջիկայում Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումը:

Հովհաննիսյանի կարծիքով` պատերազմը քիչ հավանական է նաեւ այն պատճառով, որ ադրբեջանական բանակը, չունենալով որակական գերակշռություն, չի կարող իրականացնել «բլից-կրիգ», իսկ դա նշանակում է վտանգի տակ դնել էներգետիկ ենթակառուցվածքները եւ Ալիեւների վարչակարգի կառավարումը Ադրբեջանում:

Իր հերթին` Սարգսյանն ասում է, որ Հայաստանը կամ Ադրբեջանը չեն կարող միայն իրենց միակողմանի որոշմամբ լայնածավալ ռազմական գործողություններ սկսել:

«Այդպիսի բաներ չեն լինում, սա երկրագնդի վրայի այն կետը չէ, որտեղ մի երկիր կարող է առանձին որոշում ընդունել», - ասում է փորձագետը:

Վերլուծաբանները նաեւ քիչ հավանական համարեցին, որ Աստանայում կայանալիք ԵԱՀԿ-ի գագաթնաժողովի ընթացքում կհաջողվի համաձայնության հասնել ղարաբաղյան խնդրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG