Մատչելիության հղումներ

Գորան Բրեգովիչի բացառիկ համերգը Երեւանում


Սերբ հայտնի երաժիշտ Գորան Բրեգովիչը

Սերբ հայտնի երաժիշտ Գորան Բրեգովիչը

«Երեւանյան հեռանկարներ» 11-րդ միջազգային փառատոնի շրջանակներում նոյեմբերի 15-ին Երեւանում իր «Ալկոհոլ» համերգային ծրագրով հանդես եկավ հայտնի սերբ երաժիշտ, երգահան, դիրիժոր եւ ջութակահար Գորան Բրեգովիչը:

Բրեգովիչի համերգը, ըստ փառատոնի կազմակերպիչների, «հերթական անակնկալն է փառատոնի երկրպագուների համար»:

Բրեգովիչը ծնվել է Սարաեւոյում: Նա իր առաջին խումբը, որ կոչվում էր «Սպիտակ կոճակ», ստեղծել է 16 տարեկան հասակում: Ժամանակին մտերիմ է եղել եւ համագործակցել է մեկ այլ հանրահայտ սերբ արվեստագետի` Էմիր Կուստուրիցայի հետ, որի ֆիլմերից մի քանիսի երաժշտության հեղինակն է: Նա երաժշտություն է գրել նաեւ այլ հանրահայտ կինոռեժիսորների համար:

Իր «Հարսանեկան եւ թաղման» նվագախմբի հետ միասին Հայաստանում գտնվող Բրեգովիչը համերգից առաջ կայացած մամլո ասուլիսին ասաց, որ վերջին տարիներին քիչ է ստեղծագործում կինոֆիլմերի համար, փոխարենը երգեր է գրում իր համերգային ծրագրերի համար:

Հարցին, թե ինչո՞ւ է իր նվագախմբի համար ընտրել «Հարսանեկան եւ թաղման նվագախումբ» անունը, երաժիշտը պատասխանեց, որ սա կատակ է, քանի որ մինչ իր հետ աշխատելը երաժիշտները նվագում էին հարսանեկան եւ թաղման ծեսերի ժամանակ:

«Մեզ մոտ Սերբիայում սովորույթ կա թաղումից հետո տուն տանել երաժիշտներին` հոգեհացի, որի ընթացքում նրանք հաճախ կատարում են նաեւ հանգուցյալի սիրած երգերը, որոնք միշտ չէ, որ տխուր երգեր են, եւ երբեմն նաեւ շատ ուրախ երաժշտություն է հնչում հենց հոգեհացին: Հենց այդ պատճառով է, որ ես նվագախումբս կոչեցի այդպես», - ասում է Բրեգովիչը:

«Երեւանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի նախագահ Ստեփան Ռոստոմյանը ասաց, որ աշխարհահռչակ երաժշտի այցը Երեւան «երկար սպասված էր»:

«Այսօր մոլորակում երեւի չկա մի երկիր, որտեղ ճանաչված չէ Գորան Բրեգովիչը: Նա մտել է բոլորի տները, բոլոր դահլիճները, բոլորիս սրտերը: Նա մի մարդ է, որ ստեղծեց իր ուրույն երաժշությունը, իր ուրույն ոճը եւ դեռ իր կենդանություն օրոք ունի իր երաժշտության միլիոնավոր հետնորդներ», - ասաց Ռոստոմյանը:
XS
SM
MD
LG