Մատչելիության հղումներ

«Աքիլլես». Ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության պոլիս ձեռք բերելիս սոցքարտ չի պահանջվում


Ավտովարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Աքիլլես» հասարակական կազմակերպությունը զգուշացնում է, որ որոշ ապահովագրական գործակալներ ապօրինի կերպով վարորդներից պահանջում են սոցքարտ, իսկ այն չներկայացնելու դեպքում` անհիմն կերպով բարձրացնում ապահովագրական պոլիսի արժեքը:

«Մեզ լուրեր են հասել, որ իբրեւ սոցքարտ են պահանջում գործակալները, եւ եթե այն չի ներկայացվում, ապա առավելագույն գումարով են ապահովագրում: Դա բացարձակ սխալ է: Փաստորեն գտնվում են մարդիկ, ովքեր փորձում են ոչ մի բանից նորից գումարներ ստեղծել», - երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Աքիլլես»-ի ղեկավար Էդուարդ Հովհաննիսյանը:

2011 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքը եւ վարորդի մոտ ապահովագրական պոլիսի բացակայության դեպքում նախատեսվում է տուգանք` 50 հազար դրամի չափով:

Արդեն այս տարվա հոկտեմբերի 18-ից 8 ապահովագրական ընկերություններ սկսել են պոլիսների վաճառքը: Ապահովագրական պոլիսի արժեքը հաշվարկվում է` ելնելով 4 ռիսկային գործոններից. տրանսպորտային միջոցի տեսակը, օգտագործման նպատակը, վարորդի տարիքն ու վարորդական ստաժը եւ ավտոմեքենային շարժիչի հզորությունը: Ըստ այդմ` պոլիսի արժեքը տատանվում է 19-ից 110 հազար դրամի սահմաններում:
XS
SM
MD
LG