Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի դիվանագետը հանդիպել է Վրաստանում լրտեսության մեջ մեղադրվողներից մեկին


Վրաստանում լրտեսության մեջ մեղադրվող Պետրե Դավրիշաձեի ձերբակալությունը Բաթումիում
Վրաստանում լրտեսության մեջ մեղադրվող Պետրե Դավրիշաձեի ձերբակալությունը Բաթումիում
Պաշտոնական Թբիլիսին թույլատրել է Ռուսաստանի արտգործնախարարության հյուպատոսական ծառայության ներկայացուցչին հանդիպել լրտեսության մեղադրանքով ձերբակալված չորս ռուսաստանցիներից մեկին: Այս մասին Թբիլիսիում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Քալանդաձեն:

Նա, սակայն, չի հստակեցրել, թե ձերբակալվածներից հատկապես որ մեկի հետ է հանդիպել ռուս դիվանագետը:

Հոկտեմբերին վրացական հատուկ ծառայությունների կողմից ձերբակալված երկու բաթումցի հայերը` Արմեն Գեւորգյանն ու Ռուբեն Շիկոյանը եւս ռուսական անձնագրեր ունեն:

«Ռուսաստանցի դիվանագետի հանդիպումը ձերբակալվածի հետ կազմակերպվել է Շվեյցարիայի դեսպանության միջնորդությամբ: Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին, թե պատրաստվում ենք արտաքսել այդ մարդկանց, ապա կարող եմ ասել, որ դա չի բխում Վրաստանի շահերից: Ավելին, ռուսական կողմից մենք էքստրադիցիայի դիմում չենք ստացել, եթե անգամ ստանայինք` չէինք բավարարի: Այդ մարդիկ հանցագործություն են կատարել Վրաստանի տարածքում եւ պետք է կանգնեն վրացական արդադատության առջեւ», - նշել է Վրաստանի փոխարտգործնախարարը:

Մոսկովյան «Կոմերստանտ»-ին էլ Վրաստանի արդարադատության նախարարությունից տեղեկացրել են, որ Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող անձանց դատավարությունը մեկնարկելու է մոտ ապագայում եւ անցնելու է դռնփակ ռեժիմում:

Մոսկովյան մեկ այլ պարբերական` «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը այսօր հարցազրույց է տպագրել Վրաստանի պետանվտանգության նախարարության նախկին բարձրաստիճան աշխատակից Դավիթ Բակուրիձեի հետ, որը պնդում է, թե Վրաստանում գործող լրտեսական ցանցի բացահայտումը իրականում պաշտոնական Թբիլիսիի հմուտ կազմակերպած սադրանքն էր:

Պաշտոնաթող սպայի խոսքով, ձերբակալվածներից մեկը` բաթումցի գործարար Պետրե Դավրիշաձեն, որի ցուցմունքների հիման վրա են ձերբակալվել մասնավորապես հայազգի գործարարները, իրականում վրացական հատուկ ծառայությունների գաղտնի գործակալ է: «Տասը տարի առաջ` դեռ Շեւարդնաձեի իշխանության տարիներին, ես անձամբ եմ նրան հավաքագրել», - նշում է Բակուրիձեն: - «Մինչեւ 2003 թվականը Դավրիշաձեն Վրաստանի հատուկ ծառայություններին գաղտնի տեղեկություններ էր հաղորդում Սահակաշվիլիի կողմնակիցների մասին, «վարդերի հեղափոխությունից» հետո նա անցավ Սահակաշվիլիի կողմը: Ես համոզված եմ, որ Դավրիշաձեին շատ շուտով ազատ կարձակեն, քանի որ նա պրոֆեսիոնալ սադրիչ է»:

Վրաց պաշտոնաթող սպան չի բացառել, որ լրտեսական սկանդալի շրջանակներում Աջարիայում իրականացված ձերբակալությունները նաեւ որոշակի տնտեսական ենթատեքստ ունեն:

«Չի բացառվում, որ այս ողջ պատմությունից հետո հայազգի գործարարներ Շիկոյանին ու Գեւորգյանին պատկանող «Սեյբոլտ» ընկերությունը հանձնվի իշխանությանը մոտ կանգնած անձանց», - գրում է մոսկովյան պարբերականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG