Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի դիվանագետը հանդիպել է Վրաստանում լրտեսության մեջ մեղադրվողներից մեկի հետ


Շվեյցարական դեսպանության աջակցությամբ, ռուսաստանցի դիվանագետը հանդիպել է Վրաստանում լրտեսության մեջ մեղադրվող Ռուսաստանի 4 քաղաքացիներից մեկի հետ:

Ինչպես այսօր հայտնել է Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Նինո Քալանդաձեն, իրենք ստացել են պաշտոնական նոտան, որում ռուսական կողմը խնդրում էր հայտնել ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիների ինքնությունը եւ ռուսաստանցի դիվանագետին թույլ տալ հանդիպել նրանց հետ:

«Այդ նոտան մենք փոխանցեցինք իրավասու մարմիններին, ստացանք նույնականացնող տվյալները, որոնք փոխանցեցինք Շվեյցարիայի դեսպանությանը: Հուսով ենք, դրանք արդեն փոխանցվել են ռուսական կողմին: Ինչ վերաբերում է երկրորդ խնդրանքին, ապա ձերբակալվածներից մեկի հետ հանդիպում արդեն կայացել է: Նրանց ցանկության դեպքում կկազմակերպվեն հանդիպումներ նաեւ մյուսների հետ», - ասել է Վրաստանի փոխարտգործնախարարը` չհստակեցնելով, թե կոնկրետ ում հետ է հանդիպել ռուսաստանցի դիվանագետը:

Ռուսաստանի հետախուզության օգտին լրտեսության մեղադրանքով Վրաստանում ձերբակալված 13 անձանցից 4-ը, այդ թվում` հայազգի Արմեն Գեւորգյանը եւ Ռուբեն Շիկոյանը, Ռուսաստանի քաղաքացիներ են:

«Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի վկայությամբ` Քալանդաձեն հայտնել է նաեւ, որ ներկայումս բանակցություններ չեն ընթանում ձերբակալված ռուսաստանցիներին ռուսական կողմին հանձնելու հարցով, եւ նման առաջարկ չի ստացվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG