Մատչելիության հղումներ

Ադրբեջանը «մանկական խաղեր» է անվանում հայկական ուժերի զորավարժությունները


Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն «մանկական խաղեր» է անվանել Աղդամի մոտակայքում Ղարաբաղի Պաշտպանության բանակի զորավարժությունները, որոնց ներկա է գտնվել նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Դա ամենեւին էլ մարտական պատրաստականության բարձրացման համար չի արվում: Նրանց զորավարժությունները արդեն հիշեցնում են մանկական խաղեր: Այլ գնահատական չի կարող լինել», - հայտարարել է Սաբիրօղլուն:

Ադրբեջանական գործակալությունների փոխանցմամբ` նա պնդել է, թե «ո'չ հայկական բանակը եւ ո'չ էլ Ադրբեջանի օկուպացված տարածքում կենտրոնացված ռազմական ուժերը» շատ մեծ միջոցներ պահանջող զորավարժություններ անցկացնելու հնարավորություններ չունեն:

«Զորավարժությունների անցկացումը այնքան հեշտ գործ չէ, որ սկսես դրանք անցկացնել ուզածդ ժամանակ եւ ստանաս ցանկալի արդյունքներ», - հայտարարել է Ադրբեջանի ռազմական գերատեսչության խոսնակը:

«Հենց որ Ադրբեջանում ճշմարիտ մտքեր են հնչում այն մասին, որ Հայաստանը ավերվում է եւ ամայանում, կամ կոնկրետ հայտարարություններ են արվում հակամարտության կարգավորման ուղղությամբ գործողությունների հետ կապված, հայերը, «Լեռնային Ղարաբաղում» հավաքելով 5-6 տանկ եւ 1-2 այլ ռազմական մեքենաներ, երբեմն երկու անգամ կրակելով, դա անվանում են Հայաստանի կողմից անցկացվող լայնամասշտաբ զորավարժություններ», - ասել է Սաբիրօղլուն:

Աղդամի մոտակայքում հայկական ուժերի կողմից անցկացվող լայնամասշտաբ զորավարժությունների մասին, մինչդեռ, անցած օրերին հաղորդում էին ադրբեջանական լրատվամիջոցները` վկայակոչելով ականատեսների կամ իրենց թղթակիցներին: Հայկական կողմը մինչեւ շաբաթ օրը զորավարժությունների վերաբերյալ որեւէ պաշտոնական հաղորդագրություն չէր տարածել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG