Մատչելիության հղումներ

logo-print

Նոյեմբերի 13-ի մամուլ


«Հրապարակ»-ը իր խմբագրականում գրում է. - «Ինչպես կարելի է հաշտ լինել այն փաստի հետ, որ թերթի խմբագիրը, քրեական հանցանք չգործած անձը գտնվի ազատազրկման վայրում եւ հասարակությունն ընդամենը պահանջի` չծեծել նրան: Ինչպես կարելի է Նիկոլի համար կազմակերպված բողոքի ակցիան նվիրել որեւէ այլ բանի, քան նրան ազատության մեջ տեսնելու պահանջն է: Չեմ հասկանում նաեւ, թե ինչպես կարող է օմբուդսմեն կոչվող անձը ոչ թե Նիկոլի իրավունքները պաշտպանել, այլ կոչ անել` հապճեպ եզրակացություններ չանել, սպասել փորձագիտական եզրակացությանը: Ո՞ւմ իրավունքներն է պաշտպանում այս անձը` փորձագետների՞, ՔԿՎ մամուլի խոսնակի՞, արդարադատության համակարգի եւ ապօրինի դատավճիռ արձակած անձա՞նց»:

Նիկոլ Փաշինյանի շուրջ ծավալվող իրադարձություններին է անդրադառնում նաեւ «Առավոտ»-ի խմբագիրը` գրելով. - «Քրեակատարողական վարչության մամուլի քարտուղարի` այդ միջադեպերի վերաբերյալ տված բացատրությունների ոչ մի խոսքին ես, իհարկե, չեմ հավատում, բացի մեկից. Փաշինյանի հետ նույն խցում գտնվում են եւս 18 հոգի: Հենց այդ հանգամանքն է ինձ ամենաշատը հիշեցնում ստալինյան «Գուլագը»: 21-րդ դարում, Եվրախորհրդի անդամ երկրում մի խցում պահվում է 19 հոգի: Հայաստանի օրենքները խախտելու, մեր երկրի ստանձնած միջազգային պարտավորությունները չհարգելու էլ ի՞նչ ապացույց է պետք: Գրեթե ամեն օր «Առավոտ»-ի խմբագրություն են զանգահարում դատապարտյալները, որոնք 4 տեղանոց խցում ապրում են 7-8 հոգով, եւ եթե «մենթերին» կաշառք չեն տալիս, ապա քնում են հերթով` «գրաֆիկով», ինչպես իրենք են ասում: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է կատարվում 20 հոգանոց խցում: Տպավորությունն այն է, որ քաղբանտարկյալ լրագրողին հատուկ են դրել նման պայմանների մեջ, որպեսզի շունը տիրոջն ընդհանրապես չճանաչի, եւ այդ քաոսի մեջ Փաշինյանի նկատմամբ կիրառվեն բռնաճնշումներ»:

Գնահատելով ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի գործունեությունը` «Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Հետաքրքիր է, ինչպե՞ս, ի՞նչ քայլերով կամ միջոցներով են այսուհետ փորձելու ոտքի հանել ժողովրդին: Միտինգները, երթերը, պիկետները, առաջնորդի ճառերը, «քաղբանտարկյալները», որոնք կոնգրեսի զինանոցում եղած ու արդեն փտած զենքերն են, մի՞թե դրանցով: Ուրեմն մնում է տարիուկես էլ «արտահերթ» գոռալով, մեծ քայլերով ընդառաջ գնալ ու դառնալ «վատագույն սցենարի» մասնակիցը: Եվ հենց այդ ուղղությամբ էլ հանդարտորեն շարժվում է արմատական կոնգրեսը, բնականաբար գաղտնի պահելով «մարշրուտը»:

«Ժամանակ»-ին հարցազրույց է տվել Jane’s Intelligence պաշտպանության եւ անվտանգության հարցերով հեղինակավոր վերլուծական կենտրոնի Ռիսկային պետությունների` Եվրասիայի հարցերով փորձագետ Մեթյու Քլիմենթը: Լրագրողը հարցնում է. - «Ռուսաստանի նախագահի խոսքով, մինչ Աստանայում կայանալիք գագաթնաժողովը կողմերը կարող են համաձայնության հասնել հակամարտության հիմնարար սկզբունքների շուրջ: Դուք որեւէ հնարավորություն տեսնո՞ւմ եք, ինչպես մի քանի օր առաջ Ադրբեջանի արտգործնախարարն է ասել, որ կողմերը կարողանան «ճանապարհային քարտեզի» շուրջ համաձայնության գալ»: Փորձագետի պատասխանը. - «Ես կարծում եմ, որ համաձայնագրի ստորագրումը շատ անհավանական է` նկատի ունենալով ե'ւ ժամանակի սղությունը, ե'ւ այն դիրքորոշումների տարբերությունը, որ գոյություն ունեն երկու երկրների միջեւ: Մինչ օրս կողմերի միջեւ շարունակվում է անհանդուրժող հռետորաբանությունը` հատկապես Ադրբեջանը հանդես է գալիս ագրեսիվ հայտարարություններով, թե կարող է ռազմական ճանապարհով լուծել խնդիրը: Բազմաթիվ փաստերի համադրումը հույս չի ներշնչում, որ Աստանայում որեւէ փաստաթուղթ կարող է ստորագրվել: Ես ընդհանրապես չեմ բացառում, որ երկու երկրների միջեւ համաձայնագիր կընդունվի, բայց դա մոտ ապագայում չեմ կանխատեսում»: Դիտարկմանը, թե Հարավային Կովկասում Ռուսաստանը միայնակ է գործում, եւ ԱՄՆ-ը զիջել է տարածաշրջանում դիրքերը Ռուսաստանին, փորձագետը արձագանքել է. - «Բոլորը հասկանում են, որ Ռուսաստանը եղել է եւ դեռ երկար կմնա տարածաշրջանում որպես ամենաուժեղ խաղացող, եւ նրա հետ տարածաշրջանի կապվածությունը պայմանավորված է ե'ւ աշխարհագրորեն, ե'ւ տնտեսապես: ԱՄՆ-ի համար շատ դժվար է, քանի որ նա աշխարհագրորեն հեռու է Հարավային Կովկասից, այստեղ էական դեր կարող է խաղալ միայն Թուրքիան, որը լինելով ՆԱՏՕ-ի անդամ երկիր, կարող է Հայաստանի հետ սահմանները բացելուց հետո էապես փոխել տարածաշրջանում ուժերի դասավորությունը»:

«Կապիտալ»-ը գրում է. - «Հայաստանի պարենային ապրանքների շուկայում տնտեսական կանոններով չբացատրվող զարգացումները նորություն չեն։ Օրինակ` Հայաստանի շաքարավազի շուկայի փաստացի մենատեր «Ալեքս Գրիգ» ընկերությունը (շաքարավազի շուկայի մասնաբաժինը` 99,3 տոկոս) միջազգային շուկայում երրորդ եռամսյակում շաքարի գների շուրջ 50 տոկոս աճի պայմաններում ներկրել է էժան շաքարավազ, եւ Հայաստանի ներքին շուկայում համաշխարհային միտումները չեն արտացոլվել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG