Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը ներկա է գտնվել Ղարաբաղի բանակի զորավարժություններին


Լուսանկարը` Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի

Լուսանկարը` Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի

«Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է մեր երկրի պաշտպանական դիրքեր եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն», - ասված է Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի այսօր տարածած հաղորդագրությունում:

Սերժ Սարգսյանը եւ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը` Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, այցելել են պաշտպանական դիրքեր, տեղում ծանոթացել զինված ուժերի մարտական պատրաստությանը, բանակաշինության ընթացիկ աշխատանքներին:

Հայաստանի եւ Ղարաբաղի ղեկավարները ներկա են գտնվել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զորավարժություններին,
Լուսանկարը` Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի
անցկացրել պաշտպանական շրջանի դիտարկում, ինչպես նաեւ մասնակցել Պաշտպանության բանակի անձնակազմի համար կառուցված բնակարանների հանձնման արարողությանը:

Այնուհետեւ Սերժ Սարգսյանը Զինված ուժերի բարձրագույն սպայական կազմի մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

«Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը Ղարաբաղից փոխանցում է, որ նոյեմբերի 1-ից մեկնարկած զորավարժությունները, որոնց ներկա են գտնվել Հայաստանի եւ Ղարաբաղի նախագահները, անցկացվում են Աղդամի մոտակայքում: Այս զորավարժությունները, ի տարբերություն նախորդ տարիների, լրատվամիջոցներին արտոնված չէ լուսաբանել:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն շաբաթ օրը «մանկական խաղեր» է անվանել Աղդամի մոտակայքում հայկական ուժերի զորավարժությունները:

«Դա ամենեւին էլ մարտական պատրաստականության բարձրացման համար չի արվում: Նրանց զորավարժությունները արդեն հիշեցնում են մանկական խաղեր: Այլ գնահատական չի կարող լինել», - ադրբեջանական գործակալությունների վկայությամբ` հայտարարել է Սաբիրօղլուն եւ պնդել, թե «ո'չ հայկական բանակը եւ ո'չ էլ Ադրբեջանի օկուպացված տարածքում կենտրոնացված ռազմական ուժերը» շատ մեծ միջոցներ պահանջող զորավարժություններ անցկացնելու հնարավորություններ չունեն:

«Հենց որ Ադրբեջանում ճշմարիտ մտքեր են հնչում այն մասին, որ Հայաստանը ավերվում է եւ ամայանում, կամ կոնկրետ հայտարարություններ են արվում հակամարտության կարգավորման ուղղությամբ գործողությունների հետ կապված, հայերը, «Լեռնային Ղարաբաղում» հավաքելով 5-6 տանկ եւ 1-2 այլ ռազմական մեքենաներ, երբեմն երկու անգամ կրակելով, դա անվանում են Հայաստանի կողմից անցկացվող լայնամասշտաբ զորավարժություններ», - ասել է Սաբիրօղլուն:

Աղդամի մոտակայքում հայկական ուժերի կողմից անցկացվող լայնամասշտաբ զորավարժությունների մասին, մինչդեռ, անցած օրերին հաղորդում էին հենց ադրբեջանական լրատվամիջոցները` վկայակոչելով ականատեսների կամ իրենց թղթակիցներին: Հայկական կողմը մինչեւ շաբաթ օրը զորավարժությունների վերաբերյալ որեւէ պաշտոնական հաղորդագրություն չէր տարածել:

Այս շաբաթ ավելի վաղ Աղդամի շրջանի` Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներ էր այցելել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Նա եւս մեկ անգամ հայտարարել էր, թե պաշտոնական Բաքուն պատրաստ է Ղարաբաղը վերադարձնել ուժով, եթե մոտ ապագայում Հայաստանի հետ խաղաղ բանակցությունները շոշափելի արդյունքներ չտան: «Չեմ կասկածում, որ մեր զինված ուժերը ի վիճակի են պատվով եւ կարճ ժամկետում լուծել իրենց առջեւ դրված խնդիրը», - ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` ասել էր Ալիեւը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG