Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ում Հայաստանի դեսպան. «Ադրբեջանի քայլերը ոչ թե վստահությունը, այլ անվստահությունն են խորացնում»


Երեկ Վիեննայում ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ դեսպան Աշոտ Հովակիմյանը, ի պատասխան ԵԱՀԿ-ի մշտական խորհրդին Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի ներկայացրած զեկույցի, հանդես է եկել ելույթով:

«Ինչպես նշվել էր Աստրախանի եռակողմ հանդիպմանը հաջորդած` նախագահ Մեդվեդեւի մամուլի ասուլիսի ընթացքում, նախագահները հանձնարարել են արտաքին գործերի նախարարներին շարունակել բանակցությունները` հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու նպատակով», - ասել է Հայաստանի դեսպանը եւ շարունակել. - «Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը ԵԱՀԿ-ում` հենց այս դահլիճում հայտարարում է, որ հիմնարար սկզբունքները կորցրել են իրենց կարեւորությունը, եւ ժամանակի եւ էներգիայի վատնում է դրանց քննարկումը: Ինչպե՞ս կարող է Ադրբեջանի դեսպանը անիմաստ համարել այն, ինչի շուրջ Ադրբեջանի նախագահը հանձնարարել է իր նախարարին բանակցել»:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Աշոտ Հովակիմյանն ընդգծել է, որ Ադրբեջանը այս դիրքորոշմամբ, փաստորեն, դուրս է գալիս Մինսկի խմբի եռանախագահների աջակցությամբ ընթացող բանակցությունների ձեւաչափի դեմ:

Եզրափակելով ելույթը` Հայաստանի դեսպանը ասել է. - «Մեկ այլ հարց, որ ես կցանկանայի բարձրացնել, վերաբերում է վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերին: Ռազմական ոլորտում վստահության եւ անվտանգության ամրապնդման միջոցների ներկայացումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բազմաթիվ փաստաթղթերի անբաժան մասն է, որը, սակայն, շարունակաբար մերժվել է Ադրբեջանի կողմից: Աստրախանում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` այդ ուղղությամբ կատարված առաջին քայլին պետք է հաջորդեն վստահության ամրապնդման այլ միջոցներ: Ադրբեջանը, սակայն, վստահության ամրապնդման ուղղված առաջին քայլն անգամ օգտագործեց նեղ քարոզչական նպատակներով, ինչը ոչ թե վստահությունը, այլ անվստահությունն է խորացնում: Մթնոլորտը սրում են նաեւ Ադրբեջանի բարձր ղեկավարության պատերազմաշունչ հայտարարությունները, սպառնալիքները, որոնց նպատակն է ձախողել բանակցությունները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG