Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը այցելել է Կալկաթա


Պաշտոնական այցով Հնդկաստանում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ժամանել է Կալկաթա:

Կալկաթայում Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Արեւմտյան Բենգալի նահանգապետ Մայանկոտե Կելաթ Նարայանանին, ում հետ քննարկել է Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Նալբանդյանը նշել է նահանգում հարուստ հայկական մշակութային ժառունգության առկայությունը` հինգ եկեղեցի եւ շուրջ երկու հարյուրամյակի պատմություն ունեցող դպրոց, եւ ընդգծել է, որ նահանգի իշխանությունները շարունակ հոգատարությամբ են վերաբերվել Արեւմտյան Բենգալում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության պահպանմանը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Էդվարդ Նալբադյանը այցելել է նաեւ Կալկաթայի հայկական դպրոց, ուր հանդիպել է կրթօջախի ուսուցիչների եւ այնտեղ սովորող շուրջ ութ տասնյակ աշակերտների հետ, ելույթ է ունեցել, պատասխանել բազմաթիվ հարցերի:

Հնդկահայոց հոգեւոր հովիվ Խորեն Հովհաննիսյանը նշել է, որ Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, որ այցելում է Կալկաթայի հայկական դպրոց, ինչը, ըստ նրա, խորհրդանշական է եւ վկայում է Հայաստան - Սփյուռք կապերի ամրապնդմանը Հայաստանի իշխանությունների կողմից տրվող կարեւորության մասին:

Էդվարդ Նալբանդյանը այցելել է Հնդկահայոց թեմի առաջնորդարան` Կալկաթայի Սուրբ Նազարեթ հայկական եկեղեցի:

Հայաստանի արտգործնախարարը եղել է նաեւ Կալկաթայում Մայր Թերեզայի կողմից հիմնված միաբանությունում, որի տարածքում է գտնվում նաեւ Մայր Թերեզայի շիրիմը, եւ հարգանքի տուրք է մատուցել նրա հիշատակին: Միաբանության առաջնորդների հետ զրույցի ընթացքում Հայաստանի արտգործնախարարը երախտագիտություն է հայտնել 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից տուժածներին օգնության հասցնելու գործում Մայր Թերեզայի ջանքերի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG