Մատչելիության հղումներ

«Էկոնոմիստ» պարբերականի վերլուծական բաժինը` Economist Intelligence Unit–ը, հրապարակել է Հայաստանին վերաբերող զեկույցը:

1946 թվականին հիմնված վերլուծական այս բաժնի կազմած զեկույցները ողջ աշխարհի գործարարների եւ քաղաքական գործիչների համար տվյալ երկրի քաղաքական եւ տնտեսական կյանքի մասին պատկերացում կազմելու կարեւոր աղբյուրներից են: Զեկույցը վերլուծում է առկա վիճակն ու կանխատեսումներ անում առաջիկա տարիների համար:

Եվ այսպես, քաղաքական ոլորտում «Էկոնոմիստ»-ի վերլուծաբանները փաստում են, որ «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի դիրքերը այժմ առավել ապահով են թվում. տնտեսական իրավիճակը բարելավվել է անցյալ տարի գրանցած 14.4 տոկոսանոց անկումից հետո»:

«Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հնարավորությունները կառավարության երկարակեցությանը վտանգելու կամ նշանակալի փոփոխությունների հասնելու համար ներկայումս մեծ չեն: Չնայած 2010 թվականի մարտին ՀԱԿ-ը հանրահավաք կազմակերպեց 2008 թվականի մարտյան դեպքերի զոհերի հիշատակին, դա չվերաճեց կառավարության կամ իշխանությունների դեմ բողոքի ցույցի: ՀԱԿ-ը համախմբված միասնական քաղաքական ծրագիր չունի եւ կառավարությանը քննադատում է` առանց այլընտրանքային քաղաքականություն առաջարկելու: Այսպիսի գործողությունները հազիվ թե համոզեն հասարակությանը, թե ՀԱԿ-ը կարող է համախմբված ընդդիմադիր ուժ ձեւավորել: Բացի այդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ջանքերը ընդդիմադիր առավել լայն հարթակ ստեղծելու ուղղությամբ` Դաշնակցության եւ «ժառանգության» հետ միասին, արդյունք չտվեցին: Նախագահ Սերժ Սարգսյանին, մինչդեռ, հաջողվեց ամրապնդել իր իշխանությունը քաղաքական եւ գործարար վերնախավի շրջանում», - ասված է զեկույցում:

«Եվ նույնիսկ 2009 թվականի տնտեսական անկումը էականորեն չթուլացրեց նախագահ Սարգսյանի դիրքերը», - շարունակում են զեկույցի հեղինակները: - «Տնտեսական ակտիվության հեռանկարները 2011 -2012 թվականներին բարելավման միտում ունեն արտաքին տնտեսական միջավայրի վերականգնման եւ տեղական պահանջարկի ավելացման հաշվին, ինչը կպակասեցնի սոցիալական հուզումների հնարավորությունը: Լարվածությունը, այնուամենայնիվ, սրված է մնում իշխանական կոալիցիայի ներսում»:

Ինչ վերաբերում է սպասվող` 2012 թվականի խորհրդարանական եւ 2013-ի նախագահական ընտրություններին` վերլուծությունը հավանական է համարում, որ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունը «կշարունակի իր գերակայությունը խորհրդարանում»:

Զեկույցի հեղինակները կարծիք են հայտնում, որ Հանրապետականը ընտրություններում իր դիրքերն ամրապնդելու համար «կօգտագործի վարչական ռեսուրսը, իսկ ընդդիությունը կրկին դժվարությունների կհանդիպի միասնական բլոկով հանդես գալու անհնարինության պատճառով»:

Զեկույցի հեղինակները փաստում են, որ չնայած Հայաստանում ընտրական գործընթացները բարելավվելու համար որոշակի քայլեր կատարվել են, ընդդիմությունն ակնկալվում է, որ կվիճարկի ընտրությունների արդյունքները: Բացառված չեն նաեւ հետընտրական ցույցերը. - «Իշխանությունները ցույցերը բռնի ուժով ցրելու հարցում ավելի զուսպ կլինեն, քանի որ նրանց այդպիսի գործողությունները 2008 թվականին միջազգային հանրության կողմից լայնորեն քննադատվեցին»:

Ինչ վերաբերում է արտաքին հարաբերություններին` զեկույցում ասված է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ջանքերը դժվար կլինեն, քանի որ Թուրքիայի կարեւոր դաշնակից Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ չլուծված հակամարտության հարցում «առաջընթացը շատ փոքր է»:Նաեւ ակնկալվում է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հաշտեցման` նախագահ Սարգսյանի ջանքերը դիմադրության կհանդիպեն:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները, ըստ զեկույցի, «աղոտ» են` «չնայած ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շարունակվող միջնորդությանը». - «Չնայած շարունակվող հանդիպումների ընթացքում կողմերը որոշակի առաջընթացի մասին են հայտարարում, իրավիճակը տեղում բարդ է մնում: Հրադադարի ռեժիմի խախտումները ավելացել են»:
»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG