Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները պահանջում են անկախ բժշկական փորձաքննության ենթարկել Նիկոլ Փաշինյանին


ՀԱԿ-ի ակտիվիստների բողոքի ցույցը Գլխավոր դատախազության շենքի մոտ: 12-ը նոյեմբերի, 2010 թ.
ՀԱԿ-ի ակտիվիստների բողոքի ցույցը Գլխավոր դատախազության շենքի մոտ: 12-ը նոյեմբերի, 2010 թ.

Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) ուրբաթ օրը պիկետ էր կազմակերպել Հայաստանի գլխավոր դատախազության շենքի մոտ` պահանջելով անկախ բժշկական փորձաքննություն ենթարկել 2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ անազատության մեջ գտնվող «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին:



Փաշինյանը, հիշեցնենք, հայտարարել էր, թե նոյեմբերի լույս 11-ի գիշերը 2 սեւազգեստ, դիմակավորված անձինք հարձակվել են իր վրա եւ ծեծի ենթարկել: Անցկացված դատաբժշկական փորձաքննությամբ Փաշինյանի մոտ «մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել»:

Ընդդիմադիրների պիկետը սկսվեց ընդհարմամբ. երբ Կոնգրեսի ակտիվիստ Վարդգես Գասպարին փորձեց մոտենալ շենքին, ոստիկաններից մեկը նրան հրեց ու գետնին տապալեց, ինչը հարուցեց ակցիայի մասնակիցների վրդովմունքը:

Ցուցարարների ու ոստիկանների միջեւ քաշքշուկը ուղեկցվում էր կոպիտ հայհոյանքներով:

Քաշքշուկը դադարեց, երբ Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը հանդարտվելու կոչ արեց ցուցարարներին:

«Ես ձեզ հետ համաձայն եմ. ոստիկանների մեջ կան ուղղակի սադրիչներ: Բայց դուք պահպանեք ձեր հանգստությունը», - ցուցարարներին դիմելով` ասաց նա:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Զուրաբյանը ասաց, որ իրենք «հավատում են իրենց ընկերոջը», եւ չվստահելով իշխանություններին` պահանջում են անկախ փորձագետների մասնակցությամբ բժշկական զննության ենթարկել Փաշինյանին:

«Մենք պահանջել ենք անկախ բժշկական փորձաքննություն` միջազգային Կարմիր խաչի ներկայացուցիչների ներկայությամբ, որովհետեւ այն հայտարարությունները, որոնք արվում են իշխանությունների կողմից, Արդարադատության նախարարության կողմից, ուղղակի քստմնելի հայտարարություններ են, որովհետեւ նորմալ պետությունում Արդարադատության նախարարությունը պետք է անմիջապես խոստանար անցկացնել հետաքննություն եւ պարզել ճշմարտությունը: Ոչ մի բան չեն անում: Առանց ուսումնասիրելու փաստերը` հայտարարում են, որ նման բան չի եղել», - հավելեց Զուրաբյանը:

Ընդդիմադիր գործչի համոզմամբ, Փաշինյանի նկատմամբ իրականացվող բռնությունները մեկ նպատակ ունեն` լռեցնել «Հայկական ժամանակ» օրաթերթը:

«Ռեժիմը անհանգստացած է «Հայկական ժամանակ» օրաթերթի կողմից ամեն օր տպվող հրապարակումներից, որոնցում, փաստորեն, բացահայտվում է կրիմինալ գործունեությունը ե'ւ ռեժիմի, ե'ւ իշխանավորների, ե'ւ այն օլիգարխների, որոնց այս ռեժիմը ծառայում է: Ուստի նպատակ է դրվել լռեցնել «Հայկական ժամանակ» թերթը, եւ դրա համար ամեն ինչի գնում են», - փաստարկեց Զուրաբյանը:

Նա նաեւ ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցածի մասին իրենք արդեն տեղեկացրել են Հայաստանում գործող դեսպանատներին ու միջազգային կառույցներին:

Պիկետի մասնակիցներից ՀԱԿ-ին անդամակցող «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե մտավախություն ունի, որ Փաշինյանի դեմ իրականացվող «բռնությունների եւ սադրանքի» միջոցով փորձ է արվում ցույց տալ, թե վերջինս իբր հոգեպես անհավասարակշիռ վիճակում է եւ իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ է անում:

Կարապետյանը ասաց, թե լավ կլինի հաջորդ պիկետը անցկացնել Կոշի գաղութում:

«Ես կարծում եմ, որ եթե ՀԱԿ-ը համաձայնի, մենք մեծ հաճույքով մասնակից կլինենք, Կոշի գաղութը պիկետավորելու: Ստանալ թույլտվություն եւ առաջին անգամ, այսպես ասած` կրիմինալ զոնան քաղաքական պիկետավորման ենթարկել», - ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG