Մատչելիության հղումներ

logo-print

Ընդդիմությունը շարունակում է ջանքերը Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու ուղղությամբ


Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) փոխում է հանրահավաքներ անցկացնելու նպատակով Երեւանի քաղաքապետարան դիմելու մարտավարությունը:

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:
Ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանն ասաց, թե դիմում է պատրաստել քաղաքապետարան, ըստ որի առաջարկում է տեղյակ պահել` առաջիկայում ո՞ր օրերն են, որ Ազատության հրապարակում զանգվածային միջոցառում անցկացնելու համար խնդիր չեն հարուցի:

Նշելով, որ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի 13.4 հոդվածի համաձայն, եթե իրավասու մարմինը արգելել է զանգվածային միջոցառում անցկացնել տվյալ վայրում, ապա «պարտավոր է կազմակերպչին առաջարկել զանգվածային հրապարակային միջոցառման անցկացման այլ օրեր եւ այլ ժամեր»` Զուրաբյանը նշեց, թե իր այս պարտավորությունը քաղաքապետարանը չի կատարում:

Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու նպատակով, նշենք, մինչեւ օրս ՀԱԿ-ը 32 անգամ դիմել է քաղաքապետարան եւ նույնքան անգամ էլ մերժում է ստացել: Քաղաքապետարանի այդ որոշումներից 16-ը բողոքարկվել են դատարանում:

«Այն հիմնավորումները, որոնցով մեժվել է մինչեւ հիմա հանրահավաքի անցկացումը բացարձակ օրենքի հետ ոչ մի կապ չունեն, բայց մենք էլ ենք ցանկանում իրենց մի քիչ ողորմելի վիճակի մեջ դնել, ցույց տալ, թե իրականում ինչքան խեղճ են նրանց արդարացումները: Եվ դիմում ենք այսպիսի մի նամակի [որին քաղաքապետարանը պետք է 10 օրվա ընթացքում]: Եթե այս նամակին նորմալ պատասխան չստանանք, դիմելու ենք դատարան` վիճարկելու քաղաքապետարանի անգործությունը այս հարցով», - ասաց նա:

Ընդդիմադիր գործչի խոսքով, ՀԱԿ-ը շարունակում է պայքարել արտահերթ ընտրություններ անցկացնելու համար: Բայց եթե իրականություն դառնա վատագույն սցենարը, այսինքն` գործը հասնի հերթական խորհրդարանական ընտրություններին, որոնք, հիշեցնենք, նախատեսված են 2012-ին, եւ եթե այդ ընտրությունների արդյունքում ՀԱԿ-ը ստանա պատգամավորական տեղեր, ապա չի հրաժարվի այդ մանդատներից, ինչպես տեղի ունեցավ Երեւանի ավագանու ընտրություններից հետո` 2009 թվականին:

2009 թվականի սեպտեմբերի 18-ի հանրահավաքում Հանրապետության առաջին նախագահ, Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր. - «Նախագահի պաշտոնից Սարգսյանի հրաժարականի պարագայում ես իմ թեկնածությունը չեմ առաջադրելու, բացառությամբ Ռոբերտ Քոչարյանի առաջադրման դեպքի»:

Հարցին, թե արտահերթ կամ հերթական նախագահական ընտրությունների ժամանակ ո՞վ է լինելու ՀԱԿ-ի թեկնածուն, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. - «Տեր-Պետրոսյանը մնում է Հայ ազգային կոնգրեսի անվիճելի առաջնորդը, եւ եթե նախագահական ընտրություններ լինեն, ես վստահ եմ, որ ինքն էլ լինելու է Հայ ազգային կոնգրեսի թեկնածուն»:
ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:

«Եթե ՀԱԿ-ը շարունակի այս ճանապարհով, այսինքն` առանց կռիվների, ապա կարծում եմ, որ այն կհաղթահարի 5%-ը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ուրբաթ օրը ասաց իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը` շարունակելով. - «Բայց եթե փոխի կուրսը, ճանապարհը, ինչպես 2008-ին, ապա կարծում եմ` շատ վատ կլինի: Որովհետեւ ժողովուրդը վերջնական կհիասթափվի: Որովհետեւ ժողովուրդը գնաց Լեւոն Տեր-Պետրոսյանի հետեւից` նաեւ սոցիալական խնդիրներ էր ուզում լուծել: Բայց նա տարավ ընդհարման, իսկ ո՞վ է ուզում գնալ ընդհարման»:

Ռազմիկ Զոհրաբյանի համոզմամբ, առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրություններում Հանրապետականը կրկին հաղթելու է:

«Հանրապետականը կոալիցիայով չի գնալու ընտրությունների եւ միայն ընտրություններից հետո որոշում կկայացնի` կոալիցիա կազմե՞լ, թե՞ ոչ», - նշեց Զոհրաբյանը:

XS
SM
MD
LG