Մատչելիության հղումներ

«Նաիրիտ»-ի աշխատակիցները բողոքի ցույց են անցկացնում նախագահի նստավայրի մոտ


«Նաիտիտ»-ի աշխատակիցները բողոքի ցույց են անցկացնում նախագահի նստավայրի մոտ: 12-ը նոյեմբերի, 2010թ.

«Նաիտիտ»-ի աշխատակիցները բողոքի ցույց են անցկացնում նախագահի նստավայրի մոտ: 12-ը նոյեմբերի, 2010թ.

Երեւանի «Նաիրիտ» գործարանի հարյուրավոր աշխատակիցները ուրբաթ օրը գործարանից երթով հասան Հայաստանի նախագահի նստավայր` պահանջելով վճարել չորս ամսվա աշխատավարձը:

Ցուցարարների պատվիրակության ու «Նաիրիտ»-ի տնօրենի հետ անցկացված քննարկումից հետո նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը խոստացավ, որ «խնդիրները կկարգավորվեն»:

«Պարտավորեցնում ենք, որպեսզի ձեր հարցերը արագ կարգավորվեն», - ցուցարարներին վստահեցրեց Կարապետյանը` հավելելով, որ գործարանի տնօրենը «շատ լուրջ քննադատության է ենթարկվել, որ գործարանը հասցրել է այս վիճակին»:

«Նաիրիտ»-ի տնօրեն Վահան Մելքոնյանը հայտնեց, թե կոնկրետ ինչ է որոշվել. - «Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում վճարել մեկ ամսվա աշխատավարձի գծով պարտքը ամբողջությամբ եւ այդ մեկ ամսվա ընթացքում որոշել գործարանի հեռանկարը ` գործարկելը կամ վերակառուցման անցնելը»:

Բողոքող բանվորներին, բացի աշխատավարձից, հուզում է նաեւ գործարանի ապագան:

«Եթե դրական որոշումը կայացվի հաջորդ շաբաթվա ընթացքում այն մարմնում, որտեղ այն պետք է կայացվի, մենք հուսով ենք, որ դեկտեմբերի 1-ից հրամանը կարձակենք գործարկելու: Դա կնշանակի, որ գործարանը կմտնի աշխատանքի մեջ փետրվարի 1-ից», - ցուցարարներին ասաց Վահան Մելքոնյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Մելքոնյանը ասաց. - «Եթե ես չկարողացա կատարել նախագահի հանձնարարությունը, ես պետք է տամ հրաժարական»:

Գործարանի տնօրենը նշեց, որ աշխատավարձի գծով պարտքը մարելու համար տրամադրվելու են վարկային միջոցներ. - «Ֆինանսավորման աղբյուրների մասին այս պահին ձեզ չեմ ասի: Դրանք լինելու են բոլոր դեպքերում վարկային միջոցներ: Մենք ունենք ծրագիր, ուղղակի ադ ծրագիրը ուշացել է: Սա արտակարգ իրավիճակ էէ կապված ծրագրի ուշացման հետ: Սա առօրյա վիճակ չէ»:

«28 տարի` ամբողջ իմ ջահելությունը անցել է գործարանում: Ինձ չեն օգնել: Իմ երեխան արդեն հաշմանդամ է» - տնօրերին ասաց ցուցարարներից մի կին, ում համար դրանից առաջ շտապօգնության մեքենա էին կանչել, քանի որ իրեն շատ վատ էր զգում:

Բանվորները երեկ բողոքի ցույց էին անցկացրել կառավարության շենքի մոտ, բայց հնարավորություն չեն ունեցել պարզաբանում ստանալ անձամբ վարչապետից, թե ինչու նրա խոստումը չի կատարվել:

«Երբ վարչապետը եկավ գործարան, մեզ խոստացավ աշխատավարձի բարձրացում անցած տարվա սեպտեմբերից: Դա լինելո՞ւ է, թե՞ հերթական ասեկոսե է դա», - տնօրենին հարցրեց աշխատակիցներից մեկը:

«Անցած տարվա հոկտեմբեր ամսվանից մենք կատարում ենք վերահաշվարկ` բոլորի աշխատավարձը 20 տոկոսով բարձրացնելու հաշվով: Տարեվերջին գալու եք ստորագրելու եւ այդ փողը ստանալու», - վստահեցրեց Վահան Մելքոնյանը:

«Նաիրիտ»-ի աշխատակիցները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում ասացին, որ վճռական են լինելու եւ պայքարելու են մինչեւ հասնեն իրենց նպատակին:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG