Մատչելիության հղումներ

Նալբանդյան. «Նախորդ պատերազմի վերքերը չապաքինված` Բաքուն նոր արկածախնդրություն է պատրաստում»


Էդվարդ Նալբանդյան
Էդվարդ Նալբանդյան

«Ադրբեջանի նախագահը սուր է ճոճում` անգամ ելույթ ունենալով երեխաների առջեւ», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը Էդվարդ Նալբանդյանը հինգշաբթի օրը Նյու Դելիում` Միջազգային հարաբերությունների հնդկական խորհրդում իր ելույթում:

Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ծավալուն ելույթում անդրադառնալով Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին` Նալբանդյանը կարեւոր իրադարձություն է որակել հոկտեմբերի 27-ին Աստրախանում կայացած Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը եւ ասել. - «Հանդիպումից հետո համատեղ հայտարարություն հրապարակվեց, որն ընդգծում էր, որ քաղաքական-դիվանագիտական միջոցներով հիմնախնդրի կարգավորման համար հարկավոր է լրացուցիչ քայլեր ձեռնարկել ռազմական ոլորտում փոխադարձ վստահության, ինչպես նաեւ հրադադարի ռեժիմի ամրապնդման համար: Որպես առաջին քայլ` ձեռք բերվեց համաձայնություն փոխանակելու ռազմագերիներին եւ վերադարձնելու զոհվածների դիակները: Աստրախանի հանդիպումից հետո պայմանավորվածությունները սկսեցին իրագործվել: Սակայն ցավալի է, որ անգամ այս փոխանակումը Ադրբեջանի կողմից շահարկվեց հասարակական կարծիքը մոլորեցնելու նպատակով»:

«Նոյեմբերի 7-ին, այդ առթիվ կազմակերպված հատուկ արարողության ընթացքում նախագահ Իլհամ Ալիեւը կրկին հայտարարեց հիմնախնդրի լուծման համար ռազմական ուժ կիրառելու Ադրբեջանի պատրաստակամության մասին: Նա ազգային հերոս հռչակեց ադրբեջանցի զինվորին, ով շփման գծում դիվերսիոն հարձակման ժամանակ սպանել էր հինգ եւ վիրավորել երեք հայերի` նշելով, որ «կան տասնյակ հազարավոր այդպիսի հերոսներ… որոնք սպասում են Գերագույն Հրամանատարի հրահանգին»: Նա մի քանի անգամ հիշատակեց մահապարտ «շահիդներին»` խաղալով Ադրբեջանի բնակչության կրոնական զգացմունքների հետ եւ նշելով, որ դա կարող է օրինակ ծառայել երիտասարդ սերնդի համար: Նա թմբկահարեց, որ իր երկիրը «ունի ոչ միայն մեծ քանակությամբ զենք, զինամթերք, ռազմական հանդերձանք, ռազմական հնարավորություններ, բանակը եւս մեծ վերելք է ապրում», - մանրամասնել է Հայաստանի արտգործնախարարը` շեշտելով. - «Զարհուրելի է, որ անգամ ելույթ ունենալով երեխաների առջեւ` դպրոցի բացման արարողության ժամանակ, Ադրբեջանի նախագահը սուր է ճոճում` թմբկահարելով Ադրբեջանի ռազմական ներուժը, տարածքային պահանջներ ներկայացնելով` պնդելով, որ Հայաստանը եւ Երեւանը ադրբեջանական հող է ու դրա մասին պետք է մանուկները իմանան»:

«Սա 1939 թվականի Գերմանիան չէ, սա 2010 թվականի Ադրբեջանն է», - ասել է Նալբանդյանը: - «2004-ից մինչեւ 2011 թվականը ընկած ժամանակահատվածում, ընդամենը 7 տարում, այդ երկրի ռազմական բյուջեն աճել է մոտ 18 անգամ: Եվ գրեթե կրկնապատկվել է 2010-2011-ին: Եթե այն այս տարի կազմում է Ադրբեջանի ՀՆԱ-ի 10 տոկոսը, ապա 2011-ին ՀՆԱ-ի լինելու է մոտ 20 տոկոսը: Ադրբեջանի կողմից սանձազերծված նախորդ պատերազմի վերքերը դեռ չեն ապաքինվել, մինչդեռ Բաքուն նոր արկածախնդրություն է պատրաստում: Եվ նավթի եկամուտներից հոսող գումարներն ուղղվում են նոր ռազմական սադրանքների սնուցմանը»:

«Եթե Ադրբեջանը ցանկություն ունի գնալու Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, ապա պետք է ուղղորդի նման անհիմն եւ սադրիչ գործողությունների վրա վատնվող եռանդն ու ռեսուրսները Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին, ոչ թե ձեւական, այլ գործնական մասնակցություն ունենալուն», - ընդգծել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցին Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է. - «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բանակցություններն ավարտվեցին արձանագրությունների ստորագրմամբ: Չկա ո'չ «լուռ դիվանագիտություն», ո'չ Ցյուրիխի «երկրորդ փուլ», ո'չ էլ նոր բանակցություններ: Թուրք քաղաքական գործիչներից ոմանք եւ որոշ թուրքական լրատվամիջոցներ խոսում են այդ մասին, բայց ես չգիտեմ, թե ում է ուղղված «լուռ դիվանագիտությունը»: Հռոմեական փիլիսոփա-կայսր Մարկոս Աուրելիոսի հայտնի «Մտքերը» վերնագրված էին «Ինքս ինձ մտքեր հասցեագրելով»: Փիլիսոփաները կամ որոշ կայսրեր հավանաբար իրենց մտքերը հասցեագրել են հենց իրենց: Իսկ դիվանագետները իրենց մտքերը հասցեագրում են այլ դիվանագետների, եթե նպատակ ունեն դիվանագիտական լուծումներ գտնել»:

«Միակ քայլը, որ մնում է այս երկարատեւ գործընթացում, հայ - թուրքական արձանագրությունների վավերացումն ու իրականացումն է առանց հավելյալ ձգձգումների: Հայաստանը պատրաստ կլինի շարժվել առաջ, եթե Թուրքիան նորից պատրաստ լինի շարժվել առաջ կարգավորման գործընթացում առանց նախապայմանների», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG