Մատչելիության հղումներ

Ադրբեջանական ֆիլմերի փառատոնը Հայաստանում ձախողվեց


Ֆիլմի նկարահանումներ Բաքվում
Ֆիլմի նկարահանումներ Բաքվում

Ադրբեջանական ֆիլմերի փառատոնը Երեւանում, որի մեկնարկը նախատեսվում էր տալ ուրբաթ օրը, ձախողվեց:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի փոխանցեց փառատոնի կազմակերպիչը` Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի նախագահ Գեորգի Վանյանը, դահլիճի սեփականատերը վերջին պահին հրաժարվել է տրամադրել այն ֆիլմերի ցուցադրության համար:

Նախատեսվող միջոցառումը բողոքի մեծ ալիք էր բարձրացրել սոցիալական կայքերից մեկում: Կայքի հայ օգտագործողներից ոմանք դեմ էին այդ փառատոնի անցկացմանը:

Նախօրեին «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում Վանյանը ասել էր, որ ցուցադրվելու են 2007-08 թվականներին Ադրբեջանում նկարահանված ֆիլմեր, դրանք Ղարաբաղյան հակամարտության հետ որեւէ կապ չունեն:

Փառատոնը նախատեսվում էր անցկացնել «Ստոպ» խորագրի ներքո: «Հենց ստոպ իմաստով. մենք այդ կոչնակը` կանգ առնելու կոչնակը հնչեցնում ենք, քաղաքական շահարկումների, կեղծ հայրենասիրության շահարկումների այդ կոչնակն ենք հնչեցնում», - «Ազատություն» ռադիոկայանին ասել էր Վանյանը` հավելելով, որ առաջին անգամ փորձ է արվում Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնել:

«Համատարած, տոտալ քարոզչության պայմաններում մենք փորձում ենք ճեղքել այդ պրոպագանդան եւ Հայաստանի քաղաքացիների համար ստեղծել մի ազատ տարածք, արտահայտման տարածք: Ադրբեջանական ֆիլմերը, որոնք մենք ընտրել ենք փառատոնի ծրագրում, երկխոսության ծրագրով նկարահանված ֆիլմեր չեն, այլ իրական Ադրբեջանում ստեղծված իրական ֆիլմերն են, այսօրվա Ադրբեջանի ֆիլմերն են, եւ մենք այդ պրոպագանդայի պատից այս կողմ փորձում ենք մեր հանդիսատեսին ներկայացնել իրական Ադրբեջանը», - ասել էր փառատոնի կազմակերպիչը:

Նրա փոխանցմամբ` փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է 4 կարճամետրաժ ֆիլմ, որոնցից 1-ը` վավերագրական, 3-ը` գեղարվեստական, իսկ արտամրցութային ծրագրում` 1 գեղարվեստական լիամետրաժ ֆիլմ: «Այդ ֆիլմերի ցուցադրությամբ մենք փորձում ենք ներհայաստանյան, Հայաստանում ներհասարակական երկխոսություն սկսել», - ասել էր Վանյանը:

Նա պատմել էր նաեւ, որ դահլիճներ տրամադրելու հարցում խնդիրներ են եղել, փառատոնը որոշել էին անցկացնել դեռ 2009-ին, դիմել էին կինոթատրոններին, հետո ֆիլմեր ցուցադրելու հնարավորություն ունեցող տարբեր սրահների, դահլիճների, բայց նույնիսկ պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո վերջին պահին այդ սրահների տերերը հրաժարվել են ցուցադրել ադրբեջանական ֆիլմերը:

«Վերջապես մի քանի ժամ առաջ գտել ենք մի նոր տարածք, որի սեփականատերը համաձայնություն է տվել, եւ փառատոնը կկայանա այդ տարածքում: Հուսով եմ, որ փառատոնը կկայանա Հայաստանում», - հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր Գեորգի Վանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG