Մատչելիության հղումներ

Մեկնարկեց «Ռուսական արջուկ» լեզվաբանական խաղ մրցույթը, որը ԱՅԲ կրթական հիմնադրամի հերթական նախաձեռնությունն է հայաստանցի աշակերտների համար: Մրցույթին մասնակցում են Երեւանի 42 եւ Գյումրու 7 դպրոցների 2-11-րդ դասարանների մոտ 2000 աշակերտներ, նպատակն է համընդհանուր հետարքրքրություն առաջացնել ռուսաց լեզվի հանդեպ:

ԱՅԲ կրթական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Շուշան Կարապետյանի խոսքով` նախորդ տարվա մրցույթի հարցաշարերում հանդիպել են նաեւ զավեշտային կամ տրամաբանական խնդիրներ: - «Մեր ներկայացուցիչները շրջում են դպրոցներում, հետեւում մրցույթի անցկացմանը, մոտ 75 րոպերում երեխաները պիտի հասցնեն ավարտել հանձնարարությունը», - նշեց նա:

2009-ին «Ռուսական արջուկ. լեզվաբանություն բոլորի համար» խաղ-մրցույթի փորձնական փուլը կազմակերպվել է մայրաքաղաքի 4 դպրոցներում, որին մասնակցել են 262 աշակերտներ: Աշակերտների առաջադիմությունը կարեւոր չէ, քանի որ մրցույթի համար նախնական ընտրություն չի կատարվում, մասնակցում են բոլոր ցանկացողները:

ԱՅԲ կրթական հիմնադրամը «Ռուսական արջուկ» մրցույթը համարում է «Կենգուրու» մաթեմատիկական խաղ-մրցույթի կրտսեր եղբայրը: Լեզվաբանական մրցույթի առաջադրանքները մշակվել են Ռուսաստանում:

«Ռուսական արջուկ» խաղ մրցույթը առաջին անգամ անցկացվել է Ռուսաստանում 2000 թվականին 64.000 դպրոցականների մասնակցությամբ:

XS
SM
MD
LG