Մատչելիության հղումներ

ԼՂ հարցը ընդգրկվելու է Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի օրակարգում


Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը Երեւանում: 11-ը նոյեմբերի, 2010թ.

Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը Երեւանում: 11-ը նոյեմբերի, 2010թ.

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը ընդգրկվելու է Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի` գալիք ապրիլին Յարոսլավլում տեղի ունենալիք նիստի օրակարգում:

Հանձնաժողովի` այսօր Երեւանում ընթացող նիստի ընդմիջմանը հարցին, թե ինչու է այդ հարցն ընդգրկվում հաջորդ նիստի օրակարգում, հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը պատասխանեց. - «Եթե երկրների ղեկավարները, միջազգային կազմակերպությունները չեն կարողանում լուծում գտնել, մենք կարող ենք ինչ-որ տեսակետ հայտնել միայն: Չափից շատ մարդիկ ու կազմակերպություններ են այս խնդրով զբաղվում, ուստի մենք որոշեցինք հարցը քննարկելուց հետո Ռուսաստանի եւ Հայաստանի արտգործնախարարներին տեղեկություն փոխանցել: Եթե մինչեւ այդ իրավիճակը վատթարանա, բնական է, որ մենք մի կողմ չենք քաշվի»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք կա՞ այդպիսի մտավախություն, Ռիժկովը արձագանքեց. - «Մենք զգում ենք, որ շատ հարցերում գործը փակուղի է մտնում: Իսկ թե ինչպես է հնարավոր դուրս գալ փակուղուց, մենք չգիտենք: Մենք զգում ենք, որ մեր եւ ձեր հարեւանները ձեռքները ծալած չեն նստում: Իմ տեսանկյունից` հնարավոր է ինչ-որ կառուցողական որոշումներ գտնել: Բայց չպետք է մոռանալ, թե ինչպես կընդունի դրանք հայ ժողովուրդը»:

Հայկական կողմից հանձնաժողովի համանախագահ Արամ Սաֆարյանը («Բարգավաճ Հայաստան») «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցը հանձնաժողովի հաջորդ նիստում ընդգրկելու կապակցությամբ ասաց, որ վերջերս հարցը քննարկվել է Մոսկվայում` փորձագետների մասնակցությամբ, եւ «լուրջ պոտենցիալ կա, մասնավորապես, փորձագիտական մակարդակով այս հարցը լուծելու, քննարկելու, առաջ մղելու ուղղությամբ»:

«Ահա մեր խորհրդարանականները ուզում են նաեւ իրենց ներդրումը ունենալ` հիմնվելով այդ փորձագիտական տվյալների վրա», - հավելեց նա:

Ռուսաստանցի խորհրդարանականները մեծ ուշադրություն են դարձնում Հայաստանում ռուսաց լեզվի դասավանդման, իմացության խնդիրների վրա: Նիկոլայ Ռիժկովի խոսքով, անհանգստության տեղիք են տվել ռուսաստանյան մամուլի տարածած տեղեկությունները:

Նիստի ընթացքում նշվել էր, որ Ռուսաստանում ապրում են գրեթե նույնքան հայեր, որքան Հայաստանում, ուստի կարեւորվել է Հայաստանում ռուսերենի, իսկ Ռուսաստանում` հայերենի նկատմամբ հոգատար վերաբերմունքի ցուցաբերումը: Որոշվել է հաջորդ նիստի օրակարգում ընդգրկել նաեւ այս հարցը:

«Ես հասկանում եմ, որ կան խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել», - ասաց Նիկոլայ Ռիժկովը:

«Ե'վ հայ, ե'ւ ռուս մեր գործընկերները համաձայն էին այն հարցում, որ 200-ամյա ավանդույթը Հայաստանում ռուսերենի իմացության, որը մեզ համար նաեւ ազգային մտավոր արժեք է, չպիտի մոռացության մատնվի եւ հեռանա երկրորդ պլան», - ասաց այս կապակցությամբ ասաց Արամ Սաֆարյանը:

XS
SM
MD
LG