Մատչելիության հղումներ

Արթին Էթմեքջյանը` ավստրալական քաղաքի քաղաքապետ


Տեսարան ավստրալական խոշորագույն Սիդնեյ քաղաքից

Տեսարան ավստրալական խոշորագույն Սիդնեյ քաղաքից

Հայազգի Արթին Էթմեքջյանը վերջերս ընտրվել է Ավստրալիայի Ռայթ քաղաքի քաղաքապետ:

Էթմեքջյանը առաջին հայն է, որ Ավստրալիայում քաղաքապետի պաշտոն է ստանձնել:

Սիդնեյի մոտակայքում գտնվող Ռայթի հայազգի քաղաքապետի մասին ծավալուն հոդված է հրապարակել Armenian Reporter պարբերականը:

«Ես միշտ շարժվել եմ համայնքին ծառայելու ցանկությամբ ու մղումով եւ ցանկացել եմ դրական փոփոխությունների իրականացնող լինել», - Armenian Reporter-ին ասել է Էթմեքջյանը:

Էթմեքջյանի ընտրությունը ամրապնդում է հայերի աճող հեղինակությունը ավստրալական քաղաքական դաշտում: Այստեղ թե' իշխանության եւ թե' ընդդիմության մեջ մի շարք ազդեցիկ պաշտոններում եւս հայեր են:

Արթին Էթմեքջյանը Ավստրալիա առաջին անգամ ոտք է դրել, երբ 2 տարեկան էր: Նրա ընտանիքը դժվարին ճանապարհ է անցել` Եգիպտոսից հասնելով Ավստրալիա:

Իր հայկական արմատները գիտակցելով եւ ընդունելով հանդերձ` Էթմեքջյանը իրեն իսկական ավստրալացի է համարում:

«Ես շատ շնորհակալ եմ ծնողներիս, որ հենց Ավստրալիան ընտրեցին որպես մեր ընտանիքի տուն, եւ այդ պատճառով հպարտ եմ լինել ավստրալացի` հայկական արմատներով», - ասել է նա:

Էթմեքջյանը վստահ է, որ իր ընտրությունը քաղաքապետի պաշտոնում մեծ ազդեցություն կունենա Ավստրալիայի հայերի վրա, կնպաստի նրանց առավել ակտիվ մասնակցությանը հասարակական կյանքում:

«Կապ չունի, թե մարդը որտեղից է Ավստրալիա եկել, նա կարող է հաջողության հասնել համառ աշխատանքի, համբերության եւ նպատակասլացության շնորհիվ», - ասել է նա:

Արթին Էթմեքջյանին ընտրողների թվում 6-8 հազար հայեր կան: Ողջ Ավստրալիայում հայերի թիվը մոտ 40 հազար է: Նրանք այդ երկիր են տեղափոխվել հիմնականում Մերձավոր Արեւելքից:

Էթմեքջյանը մեծ կարեւորություն է տալիս, որ ազգային ինքնությունը գոյակցի ավստրալական կենսակերպի արժեքների հետ, եւ հասարակությունը ներդաշնակորեն ինտեգրվի ավստրալական իրականությանը:

Նա տանը կնոջ` Նորայի հետ հայերեն է խոսում եւ համարում է, որ հայկական եկեղեցին շարունակում է անառարկելի կապ հանդիսանալ ողջ աշխարհի հայերի միջեւ:

«Եկեղեցին հսկայական դեր է խաղում հայության կյանքում` որպես քրիստոնեությունը առաջինը պետականորեն ընդունած ազգ: Ես հավատում եմ, որ միշտ էլ այդպես է լինելու, եւ ամբողջապես սատարում եմ հայկական եկեղեցուն», - Armenian Reporter-ին ասել է Արթին Էթմեքջյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG