Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարին ընդունել է Հնդկաստանի փոխնախագահը


Երեկ մեկնարկել է Հայաստան արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Հնդկաստան: Նույն օրը Նյու Դելիում նրան ընդունել է Հնդկաստանի փոխնախագահ, խորհրդարանի վերին պալատի նախագահ Մոհամադ Համիդ Անսարին:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Հնդկաստանի փոխնախագահն ասել է, որ իր երկիրը պատրաստակամ է գործուն քայլեր ձեռնարկել բարեկամ Հայաստանի հետ համակողմանի համագործակցության զարգացման համար:

Նալբանդյանը նշել է, որ Հայաստանի ղեկավարությունը մեծ նշանակություն է տալիս աշխարհի կարեւորագույն երկրներից մեկի` բարեկամ Հնդկաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու ընդլայնմանը, եւ իր այցելության գլխավոր նպատակը հենց դա է:

Զրուցակիցներն ընդգծել են քաղաքական երկխոսության ակտիվացման անհրաժեշտությունը, քննարկել են երկկողմ տնտեսական եւ մշակութային կապերի խորացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը` գործարարների միջեւ շփումների ակտիվացման, բարձր տեխնոլոգիաների, կրթական, մշակութային, գյուղատնտեսության, առողջապահության բնագավառներում գործակցության առավել խորացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հնարավորությունները:

Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրները եւ դրանց կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումները:

Նույն օրը Նալբանդյանը հանդիպել է Հնդկաստանի մշակութային հարաբերությունների խորհրդի գլխավոր տնօրեն Սուրեշ Գոելին, ծավալուն հարցազրույց է տվել Asian Age հեղինակավոր պարբերականին:

Այսօր նախատեսված են Հայաստանի եւ Հնդկաստանի արտգործնախարարների բանակցությունները, Էդվարդ Նալբանդյանի ելույթը Միջազգային հարաբերությունների հնդկական խորհրդում, ինչպես նաեւ հարցազրույցը Հնդկաստանի պետական հեռուստատեսությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG