Մատչելիության հղումներ

Թուրքիան ստանձնեց ԵԽ-ի Նախարարների կոմիտեի նախագահությունը


Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլու, արխիվային լուսանկար
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլու, արխիվային լուսանկար

Չորեքշաբթի օրվանից Թուրքիան պաշտոնապես ստանձնեց Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը եւ մինչեւ հաջորդ տարվա մայիս կլինի կոմիտեի նախագահողը:

Մակեդոնիայի արտգործնախարար Անտոնիո Միլոշոսկին Ստրասբուրգում նախարարությունը փոխանցել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին:

Hurriyet Daily News-ը, հիշեցնելով, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովն էլ ղեկավարում է թուրք խորհրդարանական Մեւլութ Չավուշօղլուն, գրում է, որ հայտնի երկու քաղաքական գործիչները միջազգային ամենահին կառույցներից մեկի գագաթներում են:

Եվրոպայի խորհրդում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Դարիել Բաթիբեյը լրագրողներին ասել է, թե Թուրքիայից սպասումները մեծ են, Թուրքիան դիտվում է կարեւոր դերակատարություն ունեցող երկիր, եւ Եվրոպայի խորհրդի նախագահությունը նշանակալից է: «Մենք պատրաստ ենք լավագույնը անել», - հավաստիացրել է նա:

Ընդունելով նախագահությունը` Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Ստրասբուրգում կայացած նիստում ներկայացրել է Թուրքիայի համար առաջնահերթ խնդիրները, թե ինչի վրա ավելի ուշադրություն կդարձնի Թուրքիան առաջիկա վեց ամիսների ընթացքում:

Նա ասել է, որ Թուրքիան կշարունակի բարեփոխումները Եվրոպայի խորհրդում, Թուրքիայի համար առաջնահերթություններից է Եվրախորհրդի ազդեցության ուժեղացումը:

Դավութօղլուի խոսքերով` Թուրքիան ուշադրություն կդարձնի եվրոպական կառույցի անկախ ինստիտուտների վրա, ինչպիսիք են Եվրախորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնախումբը, ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ կոմիտեն, խոշտանգումների դեմ կոմիտեն:

Թուրքիայի արտգործնախարարը ասել է, որ ուշադրության տակ կլինեն նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում անցկացվող բարեփոխումները:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` նիստից հետո կայացած ասուլիսում Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե «Թուրքիան ցանկանում է, որպեսզի հայ - ադրբեջանական հակամարտությունը կարգավորվի խաղաղ ճանապարհով»:

Լրագրողների այն հարցին, թե Նախարարների կոմիտեում նախագահելու ժամանակահատվածում Թուրքիան ինչ ներդրում կարող է ունենալ «սառեցված» հակամարտությունների, այդ թվում` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, Դավութօղլուն պատասխանել է. - «Մենք, իհարկե, ուշադրության կենտրոնում ենք պահելու «սառեցված» հակամարտությունները»:

Անդրադառնալով Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հեռանկարին եւ նախօրեին Եվրահանձնաժողովի հրապարակած զեկույցին, ըստ որի` Թուրքիան դեռ պատրաստ չէ Եվրամիության անդամ դառնալ, Դավութօղլուն նշել է, թե իրենք բազմաթիվ բնագավառներում հասել են զգալի արդյունքների:

«Մեր խնդիրն է` երկրում ապահովել ժողովրդավարության ամենաբարձր մակարդակ, եւ պատրաստ ենք դիմակայել բոլոր մարտահրավերներին», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:

Հինգշաբթի օրը Դավութօղլուն եւ Չավուշօղլուն միասին մասնակցելու են եվրոպական կառույցի ղեկավար կոմիտեի նիստին, որի ընթացքում Թուրքիայի արտգործնախարարը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պատգամավորներին ներկայացնելու է Թուրքիայի առաջիկա քայլերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG