Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 11-ի մամուլ


«Ժամանակ» թերթին տված հարցազրույցում ռուսաստանցի քաղաքագետ, Ռուսաստանի Դաշնության գիտությունների ազգային ակադեմիայի Եվրոպայի ինստիտուտի պրոֆեսոր Ալլա Յազկովան գնահատելով հայաստանյան ընդդիմության հնարավորությունները ներքին ու արտաքին խնդիրների չլուծվածության պայմաններում` նշում է. - «Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտության ֆոնին, իհարկե, ընդդիմության շանսերը մեծանում են: Հատկապես մեծ են նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շանսերը, ով իր ժամանակին, համենայնդեպս մենք այդպիսի տպավորություն ունեինք, այդ հակամարտության կարգավորման ճանապարհներ էր փնտրում: Լեռնային Ղարաբաղի հարցին գումարած տնտեսական ճգնաժամը, իսկ այդ պայմաններում ընդդիմության շանսերն ավելի են մեծանում, քանի որ երկրի վիճակի համար պատասխանատվությունը զգալի չափով կրում են երկրի իշխանությունները: Ի դեպ, ասեմ, որ ինձ ուղղակի ցնցել է այն լուրը, որ վերջին մեկ տարվա ընթացքում 35 հազար ընտանիք է լքել Հայաստանը: Եթե դա իրոք այդպես է, ապա դուք հասկանո՞ւմ եք, որ դա արդեն ոչ թե ճգնաժամ է, այլ` աղետին մոտ իրավիճակ»: Հարցին, թե Աստանայում կայանալիք հանդիպումներից կարելի է ակնկալիքներ ունենալ, Յազկովան արձագանքել է. - «Փաստաթուղթ կլինի, թե ոչ` բախտագուշակը կարող է ասել: Մենք հուսանք, որ կլինի, քանի որ մյուս տարբերակը` ռազմական ճանապարհն է, իսկ այստեղ ոչ մի լավ բան չի սպասվում: Եվ եթե դուք նայեք Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքված վերջին պայմանագիրը, ապա ՌԴ-ն երաշխավորում է միայն բուն Հայաստանի սահմանների պաշտպանությունը: Մտածեք այդ մասին»:

«Հինգերորդ շարասյունը կատարում է իր գործը» ենթավերնագրի ներքո «Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Երբ միջազգային հանրությունը միահամուռ քննադատում էր Ադրբեջանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, Բաքվում հանդիսավորապես հողին էին հանձնում Ղարաբաղում սպանված դիվերսանտներին եւ նշում «պետական դրոշի օրը»։ Իսկ ահա նույն օրերին Երեւանում հավաքված արմատական ընդդիմադիրները շարունակում էին բողոքել 2008 թվականի նախագահական ընտրությունների եւ հետընտրական զարգացումների արդյունքներից։ Ստացվում է, որ Ադրբեջանի ընդդիմության փոխարեն, որը նոյեմբերի 7-ից հետո պետք է լցվեր Բաքվի փողոցները՝ բողոքարկելու նոր միայն տեղի ունեցած ընտրությունների արդյունքները, Երեւանի փողոցներն էր գրավել մոտ 2,5 տարի առաջ պարտված Հայաստանի ընդդիմությունը։ Անշուշտ ադրբեջանցի քաղաքական գործիչներից ժողովրդավարություն սպասելն անիմաստ է՝ լինի նա իշխանամետ, թե ընդդիմադիր, սակայն այս պայմաններում անհասկանալի է դառնում թե ներքաղաքական ինչպիսի՞ կեցվածք պետք է սպասել մեզանից՝ ներկա բարդ ու հակասական միջազգային կացության պայմաններում»։

Ծավալուն անդրադարձ կատարելով Հայաստանի տնտեսությանը բնորոշ կոռուպցիոն դրսեւորումներին եւ հեգնելով դրա դեմ մղվող պայքարի մասին պաշտոնական հավաստումները` «Չորրորդ ինքնիշխանությունը»-ը ընդհանրացնում է. - «Զարմանալին այն է, որ տնտեսության վերաբերյալ հնչած կոնկրետ հարցերին երբեք կոնկրետ պատասխան չի տրվում: Օրինակի համար կարող ենք երկու այդպիսի հարց հնչեցնել: Հայաստանից բացի աշխարհում կա՞ երկիր, որտեղ թոշակը նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից ցածր է, եւ այդ երկրի ոսկու հանքավայրերը վեց տարի շարունակ ինչ-որ օտարերկրյա կազմակերպություններ ապօրինաբար շահագործում են: Աշխարհում կա՞ ուրիշ երկիր, որտեղ գազը սահմանի վրա գնում են 180 դոլարով եւ բնակչությանը վաճառում 366 դոլարով: Լոլոներ չենք ընդունում, կոնկրետ պատասխան տվեք. ուրիշ այսպիսի երկիր կա՞, թե՞ չկա: Այս հարցերի պատասխանը, ի դեպ, ժողովուրդը շատ լավ գիտի: Դրա համար էլ «քվեարկում է ոտքերով»: Իսկ ազգային անվտանգության համար սպառնալիք է ոչ թե արտագաղթը, այլ դրա հիմնական պատճառը, այսինքն` իշխանությունները: Եվ վիճակագրությունն այստեղ կապ չունի»:

Տեղեկացնելով Հայաստանի քրեակատարողական հիմնարկներից մեկում կալանավորի գործած հերթական ինքնասպանության փաստի մասին` «Հրապարակ» թերթի խմբագրականը բխեցնում է. - «Ինքնասպանությունը, փաստորեն, Հայաստանում դարձել է ելքի ճանապարհ: Ովքեր չեն կարողանում լուծել իրենց խնդիրները, ովքեր հոգնել են պայքարելուց, զզվել են ապրելուց, դիմում են ինքնասպանության: Դիմում են բոլոր տարիքային խմբերում` ինչպես անչափահասները, այնպես էլ կենսաթոշակառուները եւ ուժերի ծաղկման շրջանում գտնվողները: Ինչպես գործազուրկները, այնպես էլ աշխատանք ու զբաղվածություն ունեցողները»: Թվարկելով մարդկանց ինքնասպանության հասցնող պատճառները` թերթը առանձնացնում է դրանցից ամենաէականը` «հասարակական անհուսությունը». - «Երբ քաղաքացիները իրենց երկրում հեռանկար չեն տեսնում, երբ պայքարը` իշխանություն փոխելու, կյանքը բարելավելու, տարբեր համակարգերի աշխատանքը բարելավելու ուղղությամբ մատնվում է անհաջողության, մարդ կոչվող փխրուն ու թույլ էակին մնում է կախաղանի ձողը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG