Մատչելիության հղումներ

Մարի Յովանովիչը հատուկ մրցանակ հանձնեց «Սինոփսիս - Արմենիա» ընկերությանը


Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Հովանովիչը եւ «Սինոփսիս - Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը: 10-ը նոյեմբերի, 2010 թ.

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Հովանովիչը եւ «Սինոփսիս - Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը: 10-ը նոյեմբերի, 2010 թ.

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Չովանովիչը չորեքշաբթի օրը «Սինոպսիս - Արմենիա» ընկերությանը հանձնեց պատվո հատուկ մրցանակ ԱՄՆ-ի պետքարտուղարության «Կորպորատիվ գերազանցության» ամենամյա հեղինակավոր մրցույթում. ի թիվս 12 այլ ընկերությունների, եզրափակիչ փուլ անցնելու կապակցությամբ` «Հայաստանում օրինակելի կորպորատիվ քաղաքացի լինելու, նորարարության եւ հաջողված բիզնեսի իրականացման համար»:

Իր խոսքում դեսպան Յովանովիչը նշեց, որ «Սինոփսիս»-ը ճանաչվել է որպես «ծրագրավորման եւ ծրագրային ապահովման ընկերություն, որը խթանում է ամերիկյան եւ օտարերկրյա ներդրումները` ներկայացնելով Հայաստանը որպես տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարային կենտրոն, համագործակցում է համալսարանների հետ տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման ծրագրերի շուրջ», ինչպես նաեւ «աղտոտվածության մակարդակի նվազեցման ուղղությամբ Հայաստանում կատարած աշխատանքների համար` տնկելով հարյուրավոր ծառեր վերջին ժամանակների անտառահատումների հետեւանքները կանխելու համար»:

«Այս մրցանակը կարեւոր է ոչ միայն կիսահաղորդիչների էլեկտրոնային ավտոմատացված նախագծման, ստուգման եւ արտադրության ոլորտի ծրագրային ապահովման եւ մտավոր սեփականության առաջատար «Սինոփսիս» ընկերության եւ դրա հայաստանյան մասնաճյուղի համար, այլեւ Հայաստանի համար` որպես ՏՏ ոլորտում մեծ հավակնություններ ունեցող երկրի»,- իր խոսքում ընդգծեց «Սինոփսիս Արմենիա»-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը` հավելելով. - «Այս հաջողության գրավականը հիմնականում հավատն է եւ վստահությունը, որ մեր հայ ինժեներները ի զորու են այսօր ամենաբարդ ինժեներական աշխաանքները կատարելու համաշխարհային ամենաբարձր չափանիշներին համապատասխան»:

Պետքարտուղարի կողմից «Գերազանց կորպորատիվ գործունեության» մրցանակը շնորհվում է 1999 թվականից` նպատակ ունենալով զարգացնել կորպորատիվ պատասխանատվությունը, նորարարությունը եւ ժողովրդավարական սկզբունքները:

«Սինոփսիս-Արմենիա»-ն ընտրվել է աշխարհի տարբեր երկրներում ԱՄՆ դեսպանների կողմից առաջադրած ռեկորդային` 78 հավակնորդների շարքից:

Եզրափակիչ փուլում հայտնված 12 միջազգային բիզնեսի առաջատարների շարքում են «Ալտա Վենչըրս»-ը Մեքսիկայում, «Սիսկո»-ն Իսրայելում, «Կոկա-Կոլա»-ն Սվազիլենդում, «Դենիմաթրիքս»-ը Գվատեմալայում, «Ֆիջի Ուոթեր»-ը Ֆիջիում, «Ջի Ի»-ն Հնդկաստանում, «Ինթել»-ը Կոստա Ռիկայում, «Մարս Ինք»-ը Գանայում, «ՊեպսիԿո»-ն Հնդկաստանում, «Քուալկոմ»-ը Չինաստանում եւ «Թանգ Էներջի»-ն` կրկին Չինաստանում:

2010 թվականի մրցանակաբաշխության հաղթողները հայտնի կդառնան դեկտեմբերին պետքարտուղարի կողմից մրցանակի հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ: «Սինոփսիս Արմենիա»-ի տնօրենը հույս ունի, որ լավագույն եռյակի մեջ կընդգրկվի նաեւ իրենց ընկերությունը:

XS
SM
MD
LG