Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 9-ին տնտեսագիտական համալսարանում մաթեմատիկայի ընթացիկ քննության ժամանակ ուսանողի եւ քննությունը հսկող դասախոսի միջեւ բռնկված վեճը ծեծկռտուքի է վերածվել, որի հետեւանքով երիտասարդ դասախոսը հեռացվել է բուհից:

Տնտեսագիտական համալսարանում քննությունները մեքենայացված են, թեստերը` թվային, եւ նվազագույնի է հասցված ուսանող-դասախոս շփումը: Քննության ժամանակ միջազգային տնտեսական հարաբերությունների եւ տնտեսության կարգավորման ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Հայկ Հովհաննիսյանը որոշել է օգտվել ծածկագրից, ինչն էլ նկատել է քննության ընթացքը հսկող Սերգեյ Հովասափյանը: Դասախոսը վերցրել է ծածկագիրը, տվել առաջին զգուշացումը, սակայն ուսանողը մյուս ծածկագիրն է հանել: Երկրորդ անգամ արդեն դասախոսը հրամայել է դուրս գալ եւ թողնել գրավորն անավարտ, ինչն էլ, երեւում է, դուր չի եկել ուսանողին:

«Ուսանողը վեճի է բռնվել, մեղմ ասած, ակտիվ է պահել իրեն, թուղթն է ճմրթել, մկնիկը շպրտել, եւ այդպես սկսվել է այդ ամենը», - պատմեց համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդան Սարգսյանը:

Բուհի տարածքում 2 տարբեր վարկած է պտտվում, թե ով է առաջինը հարվածել:

Միջադեպից կես ժամ անց տնտեսագիտական համալսարանի ղեկավարությունը հրավիրել է ռեկտորատի նիստ, որին ներկա են եղել միջադեպի մասնակից 2 կողմն էլ:

«Ռեկտորատը դատապարտեց դասախոսի արարքը, քանի որ նա չպետք է այդ քայլին գնար: Նա հեռացվեց դոցենտի պաշտոնից, քննությունների կազմակերպումից, ուսանողների հետ շփումից: Անգամ նրան բուհից ընդհանրապես հեռացնելու որոշում կա», - նշեց պրոռեկտորը:

Դասախոս Սերգեյ Հովասափյանը գիտությունների թեկնածու է, միաժամանակ ղեկավարում էր բուհի կարիերայի կենտրոնը: Իսկ ֆակուլտետի դեկանը իր ուսանողին դրական բնութագիր տվեց, որպես պատիժ` զրոյացրել են նրա գնահատականը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG