Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը «հանցագործության մասին» հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին


Ոստիկանները ձերբակալում են ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստներից մեկին: 9-ը նոյեմբերի, 2010 թ.
Ոստիկանները ձերբակալում են ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստներից մեկին: 9-ը նոյեմբերի, 2010 թ.

Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) ընդդիմադիր դաշինքը Հայաստանի գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացրել «հանցագործության մասին»:

Կոնգրեսի իրավական հարցերի պատասխանատու Արմեն Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ հաղորդման մեջ նշվում է, որ երեկ ոստիկանության ներկայացուցիչները «Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցի մոտ անցկացվող ոչ զանգվածային հրապարակային միջոցառման ժամանակ հարձակվել են ՀԱԿ-ի անդամների վրա, «խլել են ու կոտրել են ցուցապաստառները, ոտնահարել են հրապարակային միջոցառում անցկացնելու քաղաքացիների իրավունքը»: Ոստիկանները բռնություն կիրառելով ապօրինի կերպով բերման են ենթարկել Կոնգրեսի 4 երիտասարդ ակտիվիստների: Ծեծը եւ բռնությունը շարունակվել է նաեւ ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում:

«Ահա այս փաստերի հետ կապված դիմել ենք գլխավոր դատախազին, որպեսզի մեղավոր ոստիկանները հայտնաբերվեն եւ ենթարկվեն պատասխանատվության: Դատախազությունը պարտավոր է հաղորդումը ընդունել Քրեական դատավարության օրենսգրքի 181, 185 հոդվածների կարգով: Քննության առնել եւ դիմումատուին պատասխանել», - նշեց Խաչատրյանը` շարունակելով. - «Այս պահին դեռ որեւէ ապացույց չի ներկայացվել, բայց երբ Հատուկ քննչական ծառայությունը կսկսի քննությունը, համապատասխան ապացույցներ` ֆոտոներ, տեսանյութեր, բացատրություններ, կներկայացվեն»:

Նույն օրը երեկոյան երիտասարդները ազատ են արձակվել:

«Մեզ բաժնի մուտքից մինչեւ հերթապահ մաս գետնին գցած ծեծելով են տարել, քաշելով», - «Ազատություն» ռադիոկայանին այսօր պատմեց Ոստիկանության բաժին տարված երիտասարդներից Վահագն Գեւորգյանը` շարունակելով. - «Որեւէ պահանջ մեզ չէին ներկայացնում: Մեզ ուղղակի ծեծում էին, գլխին էլ էին խփում: Սարգիս Գեւորգյանի գլխին մի քանի անգամ խփեցին: Ես տեսել եմ, թե ինչպես են ոտքով հարվածում: Ոտքի հարվածից գլուխը խփեց գետնին, դրանից հետո ինքը բաժնում նստած տեղից չէր կարողանում վեր կենալ: Երբ մենք գետնին էինք ընկած, ոստիկաններից մեկը ասաց` հերիք է կմեռնեն: Մյուսը ասաց` լավ ա, լավ ա, սրանց Խալաֆյանի օրն ենք գցելու»:

Վահան Խալաֆյանը, հիշեցնենք, ապրիլի 10-ին մահացել էր ոստիկանության Չարենցավանի բաժանմունքում, ըստ պաշտոնական վարկածի` ինքնասպան էր եղել:

«Խալաֆյանի նախադեպը ոստիկանների համար գործունեության պլանկա է դարձել, որ իրենք այսօր կարող են հասարակական ակտիվ գործունեություն ծավալող քաղաքացուն վախեցնեն Խալաֆյանի դեպքով», - ասաց Արմեն Խաչատրյանը:

Ոստիկանությունից, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ երիտասարդների հայտարարությունները իրականության չեն համապատասխանում. նրանք բաժնում ծեծի չեն ենթարկվել: Ավելին` ըստ ոստիկանության երեկ տարածած հաղորդագրության, բերման ենթարկված Արեգ Գեւորգյանը, Սարգիս Ղազարյանը, Սարգիս Գեւորգյանը եւ Վահագն Գեւորգյանն են բռնության ենթարկել մեկ ոստիկանի: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ 316 հոդվածի 1-ին մասով` «իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջությամբ համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ գործադրելու սպառնալիքը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG