Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 10-ի մամուլ


Անդրադառնալով երեկ Շառլ Ազնավուրի հրապարակում ընդդիմադիր ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած բախմանը` «Առավոտ»-ի խմբագրականը հետեւյալ ամփոփումն է անում. - «Ոստիկանները առանց որեւէ պատճառի կամ հիմնավորման հարձակվեցին երիտասարդ ցուցարարների վրա: Վերջիններս շատ հանգիստ կանգնած էին իրենց պաստառներով, ոչ մեկին չէին խանգարում, չէին վիրավորում, հակասահմանադրական կոչեր չէին վանկարկում: Տվյալ դեպքում միանշանակ է, որ սադրիչների դերում հանդես եկան հենց ոստիկանները, որոնք գերազանցեցին իրենց իրավասությունների շրջանակները` խառնվելով քաղաքական գործընթացներին: Այլ կերպ ասած` հանդես գալով որպես շահագրգիռ կողմ: Իսկ դա ոստիկանների գործը չէ: Ոչ էլ, կարծում եմ, լրագրողների»:

Գնահատելով Հայ ազգային կոնգրեսի երեկվա հանրահավաքը` «Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Ընդդիմությունը, փաստորեն, դեռեւս բավականաչափ ներուժ ունի` անխուսափելի թվացող բացասական զարգացումները կանխելու համար: Մնում է, որ հասարակության բացարձակ մեծամասնությունը նույնպես գիտակցի իրավիճակի լրջությունը, եւ, որ ամենակարեւորն է, հավատա: Ընդ որում` հավատալ է պետք ոչ թե այսօրինակ զարգացումների անխուսափելիությանը, այլ ժողովրդի` այդ զարգացումները կանխելու կարողությանը: Այս պահին հաղթելու միակ շանսը դա է»:

Նույն թեմային անդրադառնալով` «Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «ՀԱԿ-ի երեկվա հանրահավաքը առանձնահատուկ էր իր հերթական ու հերթապահ բնույթով: Հատկանշանական է, որ արմատական ընդդիմության ու դրա առաջնորդի վերջին «հանրահավաքային» ակտիվացումները պայմանավորված են բացառապես այն հանգամանքով, որ Եվրոպայի խորհուրդը կամ, ինչպես երեկ, Եվրամիությունը Հայաստանում խորհրդաժողով կամ սեմինար են անցկացնում: Հաջորդ հանրահավաքն էլ, ի դեպ, դեկտեմբերի 10-ին է նախատեսված` Մարդու իրավունքների պաշտպանության օրը: Փաստորեն ամեն ամիս գոնե մեկ «օրացուցային» միտինգ անելու համար ՀԱԿ առաջնորդը հարմարավետ մարտավարություն է ընտրել»: «Դա էլ է տարբերակ», - հեգնում է թերթը:

Հրաժարական ներկայացրած Առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը «Ժամանակ» թերթի հետ զրույցում ասել է, որ հեռանում է իր ցանկությամբ, եւ որ իր հրաժարականը պայմանավորված է, մասնավորապես, նախարարի հետ ունեցած լարված հարաբերություններով: Հարցին, թե որքանով է վարչապետի սուր քննադատությունը շաղկապված այդ հրաժարականին, Հակոբյանը պատասխանում է. -«Իմ հրաժարականը պայմանավորված էր այսօրվա աշխատանքային վիճակով եւ պայմաններով, ինչպես նաեւ իմ եւ նախարարի աշխատանքի անհամատեղելիությամբ: Նախարարի հետ մենք անհամատեղելի ենք ընդհանրապես մեր գաղափարներով, մեր մոտեցումներով, աշխատանքի ոճով եւ այլն: Այս հրաժարականը տարիների ընթացքում մեր համատեղ աշխատանքի արդյունքն էր, ես այլեւս անընդունելի եւ անտանելի եմ համարում այս պայմաններում աշխատանքը, հետեւաբար դիմել եմ վարչապետին, որ ինձ ազատի աշխատանքից»:Հարցին` «ինչպե՞ս կմեկնաբանեք այն հանգամանքը, որ ձեր հրաժարականի դիմումը հաջորդեց վարչապետի սուր քննադատությանը, որը հասցեագրված էր առողջապահության նախարարությանը», Թաթուլ Հակոբյանը պատասխանում է. - «Այսպես կարող եմ ասել` վերջին շրջանում առողջապահության նախարարի կողմից կատարվեցին քայլեր, որոնք ինձ համար բացարձակապես անընդունելի էին: Ես չեմ կարող մեկնաբանել: Երբ մի խնդիր կուտակվում է, մի պահ է գալիս, որ այդ խնդիրը հանգուցալուծում է պահանջում: Հանգուցալուծումն այն էր, որ միասին աշխատելն անհնար էր դարձել»: Հարց. - «Իշխանական մեր աղբյուրները վկայում են այն մասին, որ դուք այսուհետ պատրաստվում եք անդամակցել Հանրապետական կուսակցությանը»: Պատասխան. - «Ես իմ ամբողջ կյանքում անկուսակցական եմ եղել, բայց ունեմ որոշակի գաղափարական հիմքեր, քաղաքագիտական մտքեր, ունեմ իմ փիլիսոփայությունը, արժեքային համակարգը եւ եթե անցնեմ հրապարակային քաղաքական գործունեության, այդ մասին կանխավ կխոսեմ: Այս պահին ես դեռ շարունակելու եմ իմ փորձագիտական մասնագիտական աշխատանքը նույն առողջապահության զարգացման ուղղությամբ»:

«Երեւան - Աշտարակ ավտոմայրուղու կառուցումը հապաղում է» վերնագրի ներքո «Կապիտալ»-ը գրում է. - «Տրանսպորտի եւ կապի նախարարությունում նոյեմբերի 9-ին ամփոփվել են «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի մաս կազմող Երեւան-Աշտարակ 11.71 կմ երկարությամբ գոյություն ունեցող ճանապարհային հատվածի վերակառուցման համար հայտ ներկայացրած շինարարական ընկերությունների մրցութային փաթեթները: Հանձնաժողովը, ուսումնասիրելով ավստրիական STRABAG International, ամերիկյան` Fele Technologies եւ իսպանական MJGRUAS ընկերությունների հայտերը, որոշել է ոչ մեկին հաղթող չճանաչել: Տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանն ասում է, որ այս ճանապարհահատվածը կմիացվի երկրորդ լոտին` Աշտարակ-Թալին 45 կմ երկարություն ունեցող ճանապարհահատվածին, եւ գարնանը կհայտարարվի ընդհանուր մեկ նոր մրցույթ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG