Մատչելիության հղումներ

Բերման ենթարկված 4 ընդդիմադիր երիտասարդները ազատ են արձակվել


Երեքշաբթի առավոտյան «Եվրամիություն-Հայաստան. Քաղաքացիական հասարակություն» համաժողովի մեկնարկի առթիվ «Երեւան» հյուրանոցի դիմաց Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) կազմակերպած պիկետի ժամանակ Կենտրոնի ոստիկանություն բերման ենթարկված 4 երիտասարդները ազատ են արձակվել եւ մասնակցեցին ՀԱԿ-ի երեկոյան հանրահավաքին:

Չորս երիտասարդները` Սարգիս Գեւորգյանը, Վահագն Գեւորգյանը, Արեգ Գեւորգյանը եւ Սարգիս Ղազարյանը, ովքեր բերման էին ենթարկվել ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով, Կենտրոնի ոստիկանության բաժանմունքում անցկացրեցին ավելի քան 8 ժամ:

«Իրենք այս պահին կարգավիճակ չունեն, նրանց չեն հարցաքննել` ո'չ որպես վկա, ո'չ որպես կասկածյալ, ո'չ որպես մեղադրյալ եւ ո'չ էլ որպես տուժող: Նոր են հրավիրելու հարցաքննության, ու այդ ժամանակ կարգավիճակը կիմանանք», - երիտասարդների ազատ արձակումից հետո «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանեց նրանց փաստաբան Գիվի Հովհաննիսյանը: - «Ավելի քան 8 ժամ ոստիկանությունում պահելը ապօրինի է, օրենքը նման բան չի նախատեսում», - հավելեց փաստաբանը:

Ազատ արձակված երիտասարդները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կրկին պնդեցին, որ բերման ենթարկելիս, ինչպես նաեւ ոստիկանության բաժանմունքում իրենց նկատմամբ բռնություն է գործադրվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ համաժողովի մեկնարկելուն պես Հայ ազգային կոնգրեսի 7 երիտասարդ ակտիվիստներ` «Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունն ամոթալի է Եվրոպայի համար», «Հանցագործություն կատարելը կամ հանցագործներին աջակցելը. ո՞րն է տարբերությունը», «Եվրոպա, մի սատարիր բռնակալներին», «Եվրոպա, դու թույլ ես տալիս այս ռեժիմին 12 քաղբանտարկյալներ պահել» բովանդակությամբ պաստառներ պարզած լուռ կանգնեցին Երեւան հյուրանոցի շենքի դիմաց:

Տարածքը հսկող երկու տասնյակ ոստիկաններից մի քանիսը մոտեցան եւ պահանջեցին հետ գնալ եւ կանգնել ոստիկանության տեղադրած արգելապատնեշից դուրս: Եվ երբ երիտասարդները փորձեցին պարզել, թե ինչու, ոստիկանները փորձեցին նրանց հրելով հեռացնել: Չենթարկվելով` երիտասարդները պառկեցին գետնին եւ պարզեցին պաստառները, սկսվեց հրմշտոց: Այնուհետեւ երիտասարդներին տարան ոստիկանության բաժին:

Կատարվածի կապակցությամբ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունը տարածել է հաղորդագրություն` պնդելով, որ բերման ենթարկված երիտասարդները «նշված վայրում չեն ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, հայհոյանքներ են տվել ու բռնություն գործադրել ծառայողներից մեկի նկատմամբ` պատռելով նրա համազգեստը»: «Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն», - ասված է հաղորդագրությունում:

Հայ ազգային կոնգրեսը, իր հերթին, հայտարարությամբ է հանդես եկել` պնդելով, որ պիկետ անցկացնող երիտասարդ ընդդիմադիրների վրա հարձակվել են ոստիկանները, «առանց որեւէ օրինական պահանջի եւ հիմնավորման բռնություն եւ ուժ կիրառել նրանց նկատմամբ, պատռել պաստառները, պատճառել մարմնական վնասվածքներ եւ նրանցից 4-ին ապօրինի բերման ենթարկել ոստիկանություն, բռնություններն այնուհետեւ շարունակվել են նաեւ ոստիկանության բաժանմունք տանելու ճանապարհին եւ հենց ոստիկանության բաժանմունքում»:



«Եվրամիություն-Հայաստան. Քաղաքացիական հասարակություն» կոնֆերանս` Երեւանում


Երեքշաբթի օրը Երեւանում բացվեց «Եվրամիություն – Հայաստան. քաղաքացիական հասարակություն» երկօրյա սեմինարը` նվիրված արդար դատաքննության իրավունքին եւ դատական իշխանության անկախության հարցերին:

Սեմինարը, որին մասնակցում են Եվրամիության երկրներից ժամանած փորձագետներ, բացեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:

«Մենք պետք է ընդունենք, որ Հայաստանի Հանրապետությունում արդար դատաքննության իրավունքը լիարժեք դեռ ձեւավորված չէ, վստահություն չկա դատական իշխանության նկատմամբ: Ցավոք, շատ դեպքերում նաեւ մրցակցության սկզբունքը միշտ չէ պաշտպանված դատական գործընթացում», - ասաց Արմեն Հարությունյանը` հավելելով, որ դատարանները Հայաստանում շարունակում են կրել դատախազական համակարգի ազդեցությունը, ինչը «նենգափոխում է դատարանի` իբրեւ արդարադատության մարմնի դերն ու նշանակությունը»:

Համաժողովին ներկա հայաստանյան իրավապաշտպանները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում ասացին, որ պատրաստվում են բարձրաձայնել իրենց մտահոգությունները:

Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը խոսեց նաեւ դատարանների կոռումպացվածության մասին. - «Կոռումպացվածությունը նաեւ տալիս է նրանց նկատմամբ դատախազության ավելի մեծ իշխանություն, որովհետեւ այդ ամեն ինչը այլ լեզվով ասած` կոմպրոմատ է նրանց նկատմամբ: Գաղտնիք չէ, որ շատ դատավորներ ունեն սեփական բիզնեսը, եւ նրանք շատ ավելի խոցելի են եւ շատ ավելի կամակատար գործադիր իշխանության համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG