Մատչելիության հղումներ

Երեւանում մեկնարկեց «Եվրամիության – Հայաստան. քաղաքացիական հասարակություն» սեմինարը


«ԵՄ- Հայաստան. քաղաքացիական հասարակություն» սեմինարը Երեւանում: 9-ը նոյեմբերի, 2010 թ.

«ԵՄ- Հայաստան. քաղաքացիական հասարակություն» սեմինարը Երեւանում: 9-ը նոյեմբերի, 2010 թ.

Երեքշաբթի օրը Երեւանում բացվեց «Եվրամիություն – Հայաստան. քաղաքացիական հասարակություն» երկօրյա սեմինարը` նվիրված արդար դատաքննության իրավունքին եւ դատական իշխանության անկախության հարցերին:

Սեմինարը, որին մասնակցում են Եվրամիության երկրներից ժամանած փորձագետներ, բացեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:

«Մենք պետք է ընդունենք, որ Հայաստանի Հանրապետությունում արդար դատաքննության իրավունքը լիարժեք դեռ ձեւավորված չէ, վստահություն չկա դատական իշխանության նկատմամբ: Ցավոք, շատ դեպքերում նաեւ մրցակցության սկզբունքը միշտ չէ պաշտպանված դատական գործընթացում», - ասաց Արմեն Հարությունյանը` հավելելով, որ դատարանները Հայաստանում շարունակում են կրել դատախազական համակարգի ազդեցությունը, ինչը «նենգափոխում է դատարանի` իբրեւ արդարադատության մարմնի դերն ու նշանակությունը»:

«Դատարանները առանձին օղակ չեն: Այն ինքնուրույնությունը, որ նրանք պետք ունենան, դա պետք է լինի պետական քաղաքականություն», - նշեց օմբուդսմենը:

«Հայաստանի Հանրապետությունը, երբ 2002 թվականին միացավ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, այդ պահից սկսած մեզ մոտ արդեն արդար դատական քննության կազմակերպման հարցը դարձավ պետական գործունեության անկյունաքար», - իր ելույթում ասաց Սահմանադրական դատարանի ներկայացուցիչ Վոլոդյա Հովհաննիսյանը:

Համաժողովին ներկա հայաստանյան իրավապաշտպանները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում ասացին, որ պատրաստվում են բարձրաձայնել իրենց մտահոգությունները:

Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ասաց, որ խնդիրները սկսվում են հենց «Դատարանների մասին» օրենքից. - «Արդարադատության խորհրդի ներկայացրած ցուցակը [երկրի] նախագահը կարող է չնշանակել նրանց [դատավորներին] եւ իր հայեցողությամբ ընտրել դատավորներին:Այդ կախվածությունը ցույց է տալիս այն ողորմելի վիճակը, որ տիրում է Հայաստանի դատարաններում»:

Իշխանյանը խոսեց նաեւ դատարանների կոռումպացվածության մասին. - «Կոռումպացվածությունը նաեւ տալիս է նրանց նկատմամբ դատախազության ավելի մեծ իշխանություն, որովհետեւ այդ ամեն ինչը այլ լեզվով ասած` կոմպրոմատ է նրանց նկատմամբ: Գաղտնիք չէ, որ շատ դատավորներ ունեն սեփական բիզնեսը, եւ նրանք շատ ավելի խոցելի են եւ շատ ավելի կամակատար գործադիր իշխանության համար»:

Հելսինկյան քաղաքացիական նախաձեռնության հայաստանյան կազմակերպության համանախագահ Նատալյա Մարտիրոսյանը հավելեց, թե արդար դատաքննության իրավունքի ոտնահարման վառ օրինակ է այն, որ հետընտրական իրադարձությունների հետեւանքով մեկ տասնյակից ավելի ընդդիմադիրներ դեռեւս անազատության մեջ են:

«Միայն այդ մի հանգամանքը մեզ թույլ է տալիս ասելու, որ Հայաստանում մարդու իրավունքների վիճակը շատ եւ շատ վատ մակարդակի վրա է գտնվում», - հավելեց Մարտիրոսյանը:

«Ոչ միայն արդար դատաքննության նախադրյալներ չկան, այլեւ ցանկություն չկա իշխանությունների մոտ, դատավորների մոտ: Շարունակում են ապրել սովետական պատկերացումներով», - ասաց Քաղբանտարկյալների եւ հալածյալների կոմիտեի ներկայացուցիչ Վարդան Հարությունյանը` հավելելով, որ նման քննարկումները ոչինչ չեն փոխի. - «Արմատական փոփոխություններ են պետք»:


XS
SM
MD
LG