Մատչելիության հղումներ

logo-print

Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ` առողջապահության նախարարի երկու տեղակալներ` Թաթուլ Հակոբյանը եւ Աբրահամ Մանուկյանը, իրենց դիմումների համաձայն ազատվել են պաշտոնից:

Անցած հինգշաբթի օրը կառավարության նիստում վարչապետը խստորեն քննադատել էր գյուղատնտեսության, ֆինանսների, կրթության եւ գիտության, ինչպես նաեւ առողջապահության նախարարություններին` պարտականությունների ոչ պատշաճ կատարման եւ կոռուպցիայի համար:

Առողջապահության նախարարության հետ կապված` Տիգրան Սարգսյանը պահանջել էր կատարել կադրային փոփոխություններ` ընդհուպ մինչեւ փոխնախարարի մակարդակով:

Վարչապետի քննադատության թիրախներից էր նաեւ ֆինանսների նախարարությունը: Ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Շահնազարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց, որ աշխատանքից ազատվել է ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Արայիկ Մուրադյանը, նրա փոխարեն նոր տնօրեն է նշանակվել: Աշխատակազմի ղեկավարի խոսքով, մշակվում է նաեւ կառավարության համապատասխան որոշում` ԾԻԳ-ում կառուցվածքային փոփոխություններ մասով:

Կառավարության նախորդ նիստում Տիգրան Սարգսյանը բարձրաձայնել էր նաեւ գյուղատնտեսության նախարարության բույսերի կարանտինի եւ երկրագործության պետական տեսչության թերացումների մասին` գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանին հանձնարարելով լուծել բուսասանիտարիայի տեսչության պետի խնդիրը:

Գյուղնախարարության բուսասանիտարիայի տեսչությունը ղեկավարում է «Օրինաց Երկիր» կուսակցության նախկին անդամ Վռամ Գյուլզադյանը, ով քաղծառայող է եւ նրան աշխատանքից հնարավոր է հեռացնել քաղծառայության խորհրդի որոշմամբ, կամ սեփական դիմումի համաձայն:

«Օրենքով սահմանված կարգով կներկայացնենք բուսասանիտարիայի տեսչության պետին աշխատանքից ազատելու բոլոր հիմնավորումները», - «Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում ասաց գյուղնախարարության աշխատակազմի ղեկավար Կառլեն Միքայելյանը:
XS
SM
MD
LG