Մատչելիության հղումներ

Ջորջ Բուշի «Վճռորոշ պահերը»


Ջորջ Բուշը ԱՄՆ-ի նախագահի պաշտոնին հրաժեշտ տալուց հետո ուղղաթիռով լքում է Վաշինգտոնը, 20-ը հունվարի, 2009թ.

Ջորջ Բուշը ԱՄՆ-ի նախագահի պաշտոնին հրաժեշտ տալուց հետո ուղղաթիռով լքում է Վաշինգտոնը, 20-ը հունվարի, 2009թ.

ԱՄՆ-ում վաճառքի է հանվել երկրի 43-րդ նախագահ Ջորջ Բուշի հուշագրությունը։ Գիրքը հրատարակվել է 1.5 միլիոն օրինակով եւ, ըստ մեկնաբանների, կդառնա բեսթսելեր։

Ահաբեկչություն, պատերազմ, աղետ, Չեյնի


«Վճռորոշ պահեր» (Decision Points) վերնագրված գրքում Ջորջ Բուշ-կրտսերը անդրադառնում է իր նախագահության 8 տարիների շրջանում առանցքային որոշումներին, որոնցից մի քանիսը թե' ամերիկյան եւ թե' միջազգային հանրությունը առնվազն վիճահարույց են
Ջորջ Բուշի գրքի կազմը
համարում։

Սեպտեմբեր 11-ի ահաբեկչությունը, դրան հաջորդած Աֆղանստանի եւ Իրաքի պատերազմները, «Կատրինա» ավերիչ մրրիկը, ֆինանսական ճգնաժամի մեկնարկը` գերտերության եւ հետեւաբար մոլորակի համար այս ճակատագրական պահերին նախագահը պարտավոր էր կայացնել համարժեք վճիռներ։ Ջորջ Բուշը դրանց մեծ մասը միանշանակ պաշտպանում է, մի քանիսն էլ անհաջող է որակում։

Պատերազմի հարցում ամենակարեւոր հանգամանքն է համարվում այն, որ ներխուժումն Իրաք պատճառաբանվել է Սադամ Հուսեյնի վարչակազմի զանգվածային ոչնչացման զենքից ամբողջ աշխարհը փրկելու նպատակով, սակայն զենք որպես այդպիսին ո'չ բանակը եւ ո'չ էլ միջազգային տեսուչները չեն հայտնաբերել։ Բուշն իր գրքում խոստովանում է, որ առ այսօր դա մեծ տհաճությամբ է հիշում եւ դա իրաքյան արշավանքի ամենացավոտ իրողությունն է համարում։

Այնուամենայնիվ, նա համոզված է, որ Սադամ Հուսեյնին պատերազմի միջոցով տապալելու նպատակը արդար էր եւ աշխարհի համար օգտակար։

«Ներողություն հայցել կնշանակեր սխալ համարել որոշումը, իսկ ես չեմ կարծում, որ դա սխալ որոշում էր», - երկուշաբթի օրը ասել է ԱՄՆ-ի 43-րդ նախագահը իր հուշերի հրապարակման առիթով NBC հեռուստակայանին տված հարցազրույցում։

Նա իր սխալներից է համարում «Հայրենասիրական ակտի» ընդունումը` օրենքը, որը թույլ է տվել որոշակի չափով սահմանափակել ազատությունները եւ ընդարձակել քաղաքացիների նկատմամբ հատուկ ծառայությունների հսկողությունը։

Մյուս կողմից էլ, նա համոզված է, որ քննիչները ճիշտ են վարվել` հարցաքննությունների ժամանակ կիրառելով «ջրախեղդ անելու» մեթոդը։ Նա գրել է, թե հարցը քննարկել է իրավաբանների հետ, եւ վերջիններս հավաստիացրել են, որ այդ կոշտ տեխնիկան իրավունքի տեսակետից վիճարկելի չէ։ Դրա շնորհիվ քննիչները կարողացել են գերեվարված ահաբեկիչներից կորզել չափազանց կարեւոր տեղեկություններ, որոնց շնորհիվ, մասնավորապես, հաջողվել է կանխել հարձակումները Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանի եւ խոշոր գործարար կենտրոն հանդիսացող «Կանարի Ուարֆ» թաղամասի վրա։

Բուշը խոստովանում է, որ «Կատրինա» մրրիկի օրերին իշխանությունները դանդաղ են գործել եւ համարժեք միջոցներ չեն ձեռնարկել աղետյալներին օգնելու համար։

«Ես միշտ հպարտացել եմ դժվար պահերին արագ եւ հստակ որոշումներ կայացնելու ունակությամբ, սակայն «Կատրինայի» դեպքում այդպես չէր», - խոստովանել է Բուշը` միաժամանակ արդարանալով, որ հիմնական պատճառը իրավիճակի եւ վտանգի մասին հրատապ տեղեկությունների պակասն էր։

Նա գրում է, թե 2004 թվականին, պատրաստվելով երկրորդ ընտրություններին, որոշ ժամանակ մտածել է փոխնախագահ Դիք Չեյնիից հրաժարվելու մասին, մանավանդ որ վերջինս` առողջական խնդիրների հանգամանքով, ինքն էր պատրաստ հեռանալ: Ծանրութեթեւ անելով` որոշել է շարունակել աշխատանքը մեծ ժողովրդականություն չվայելող, սակայն մեծ փորձ ունեցող քաղաքական վետերանի հետ։

Ալկոհոլ, Հիսուս, ծնողներ, ընտանիք

Գրքում Բուշը անդրադարձել է հանրային ելույթներում, հանդիպումներում եւ հարցազրույցներում Հիսուսի մասին հաճախ խոսելու թեմային։

«Մի բանավեճի ընթացքում ինձ հարցրեցին, թե քաղաքական ո՞ր մտածողն է ինձ համար ամենամոտը, ես պատասխանեցի, թե Հիսուսը, որովեհետեւ Նա է փոխել իմ սիրտը», - գրում է Ջորջ Բուշը` հավաստիացնելով, որ պատասխանը հախուռն էր եւ անկեղծ, եւ որ նմանօրինակ բոլոր մեկնաբանություններում ինքը երբեք ձեւականություն չի արել։

Նա գրում է, որ որպես անձ ձեւավորվել է Տեխասում` հայրական տանը, իր վրա մեծագույն ազդեցություն է գործել հայրը` 41-րդ նախագահ Ջորջ Բուշ-ավագը։

«Նա ինձ երբեք չի հիասթափեցրել, ես հիացել եմ նրանով, նա միշտ սքանչելի հայր է եղել ինձ համար», - գրել է Բուշ-կրտսերը` հավելելով, որ իր կյանքում շատ դրական է նաեւ տիկնոջ` Լորայի ազդեցությունը։ Բուշը գրում է, թե չափազանց մեծ պատասխանատվությամբ է զբաղվել դստրերի` երկվորյակներ Ջեննայի եւ Բարբարայի դաստիարակությամբ։

Գրքում կա նաեւ դրվագ մոր հետ պատահած դժբախտության մասին, երբ Բարբարա Բուշը վիժել էր։ «Ես մայրիկիս հիվանդանոց էի տանում, ձեռքումս ապակե աման էր, դրանում` պտուղը, դա պետք է լիներ իմ կրտսեր եղբայրը կամ քույրը։ Այդ ամանում մարդու կյանք էր։ Այդ դեպքը շատ է ազդել ինձ եւ իմ փիլիսոփայության վրա, ես շատ եմ հարգում մարդու կյանքը: Դա փոխել է իմ վերաբերմունքը մորս նկատմամբ. հիվանդանոցի ճանապարհին ես հասկացա, որ մայրս ինձ վստահում է, իսկ ես ընդամենը եսասեր դեռահաս եմ», - գրել է Բուշը։

Հեղինակը իր գրքում անկեղծությամբ խոստովանում է, որ երիտասարդ ժամանակ ոգելից խմիչք շատ է օգտագործել, մի անգամ նույնիսկ զրկվել է վարորդական իրավունքից` հարբած վիճակում մեքենան վարելու համար, ծխել է, բայց դարձի է եկել եւ 40 տարեկանում Լորային խոստացել է առհավետ վերջ տալ վնասակար սովորություններին։ Ըստ գրքի, կյանքում վերջին անգամ նա խմել է իր ծննդյան 40-ամյակի օրը` իր ընկեր Դոն Էվանսի հետ։

«Բարում մենք գնալով ավելի շատ էինք աղմկում, նույն պատմություններն էինք պատմում, սեղանից սեղան մոտենում, հյուրասիրում, խմում, վերջում հսկայական հաշիվ փակեցինք ու գնացինք քնելու», - գրել է Բուշը։ Հաջորդ առավոտյան, սովորության համաձայն, ապագա նախագահը դուրս է եկել վազելու, ճանապարհին սկսել է մտածել Աստծո մասին, այն մասին, որ ալկոհոլը քայքայում է իր կյանքը, չի թողնում լինել ընտանիքի տեր։ Այդպես նա որոշել է մեկընդմիշտ հրաժարվել խմիչքից։

Բուշը նաեւ հումորով է խոսում իր գրքի մասին։ Վերջերս Չիկագոյում նա ասել է. - «Ես գիրք եմ գրել, ոմանց համար դա երեւի ցնցում կլինի, որովհետեւ նրանք կարծում էին, որ ես կարդալ, առավել եւս` գրել չգիտեմ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG