Մատչելիության հղումներ

Լեբեդեւ. «ԱՊՀ-ն եւ առաջին հերթին Ռուսաստանը շահագրգռված են Ղարաբաղի խնդրի լուծմամբ»


«ԱՊՀ-ն եւ առաջին հերթին Ռուսաստանը շահագրգռված են Ղարաբաղյան հակամարտության լուծմամբ: Մենք քայլ առ քայլ գնում ենք այդ երկու երկրների մերձեցման գործում», - Բաքվում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՊՀ-ի գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը:

«Վերջերս Աստրախանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները Ռուսաստանյան Դաշնության նախագահի միջնորդությամբ պայմանավորվեցին զինվորականների մարմինների փոխանակման մասին, եւ դա գործնականում դարձավ առաջին քայլերը դիրքորոշումների մերձեցման համար», - 1news.az լրատվական գործակալության փոխանցմամբ` ասել է Լեբեդեւը եւ հավելել. - «Դրանք փոքր քայլեր են, բայց դրա հետ մեկտեղ` մենք քննարկում ենք օկուպացված տարածքների ազատման, Ադրբեջանի եւ Նախիջեւանի, Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ միջանցքի ստեղծման հարցը»:

ԱՊՀ-ի գործադիր քարտուղարի խոսքերով` Հայաստանը եւ Ադրբեջանը Ռուսաստանի համար եղբայրական երկրներ են:
«Այդ երկրների մերձեցման համար մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, քանի որ ո'չ Հայաստանը, ո'չ Ադրբեջանը այլ տեղ չեն տեղափոխվելու: Դա Աստծո կողմից նրանց տրված հողն է, եւ նրանք դատապարտված են միասին ապրել: Այդ իսկ պատճառով, Ռուսաստանը` ե'ւ որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ, ե'ւ որպես ԱՊՀ-ում նրանց գործընկեր, ե'ւ որպես հարեւան երկիր, կգործադրի բոլոր ջանքերը նրանց մերձեցման համար», - հայտարարել է Սերգեյ Լեբեդեւը:

Նա հայտնել է, որ Բաքու կատարած իր այցի ընթացքում այդ հարցերը քննարկվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG