Մատչելիության հղումներ

Բրյուսելը դեռ բազմաթիվ խնդիրներ է տեսնում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում


Եվրամիության եւ Թուրքիայի դրոշները Ստամբուլում, արխիվային լուսանկար
Եվրամիության եւ Թուրքիայի դրոշները Ստամբուլում, արխիվային լուսանկար

Եվրոպական հանձնաժողովը երեքշաբթի օրը պաշտոնապես հրապարակելու է Եվրամիությանը անդամակցել ցանկացող երկրների վերաբերյալ տարեկան զեկույցները:

Թուրքիան Եվրամիության անդամության թեկնածուներից է, սակայն պաշտոնական Բրյուսելը այդ երկրի հետ կապված դեռ բազմաթիվ խնդիրներ է տեսնում, մասնավորապես` Կիպրոսի չլուծված հարցը, Թուրքիայում մամուլի ազատության բացակայությունը եւ լրագրողների հետապնդումը:

Հրապարակվելիք զեկույցը Թուրքիայի վերաբերյալ արդեն տեղադրված է Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական կայքում, ու չնայած Եվրահանձնաժողովն արձանագրում է, որ ավելացել են բաց եւ ազատ բանավեճերը այնպիսի զգայուն թեմաների վերաբերյալ, ինչպիսին հայկական ու քրդական հարցերն են կամ փոքրամասնությունների իրավունքները, այնուամենայնիվ, մամուլի ազատության վիճակը շարունակում է խնդրահարույց մնալ Թուրքիայում: Զեկույցում ասված է, որ ահաբեկչության դեմ պայքարի եւ մամուլի մասին օրենքները` «թուրքական ինքնությունը» վիրավորելու համար քրեական պատիժ նախատեսող տխհրահռչակ 301 հոդվածի հետ միասին, օգտագործվել են Թուրքիայում մամուլի ազատությունը սահմանափակելու համար:

Մյուս խնդիրները, որ արծարծված են հրապարակվելիք փաստաթղթում, ներառում են դատական համակարգի անկախության հարցը, «Էրգենեկոն»-ի գործը, լրագրողների դեմ հարուցված քրեական գործերն ու մշակութային անկախության խնդիրները:

Սահմանադրական բարեփոխումները, որ Թուրքիայում այս տարվա սեպտեմբերին են անցկացվել եւ ուղղված են երկրի ժողովրդավարացմանը, Եվրահանձնաժողովը ընդհանուր առմամբ դրական է գնահատել, սակայն դիտորդները նշել են, որ կատարված փոփոխությունները կարող են տանել հասարակության իսլամականացմանը:

Եվրամիության տարեկան զեկույցի վերաբերյալ թուրքական մամուլի արձագանքը Hurriyet Daily News պարբերականը բնորոշում է «խլացուցիչ լռություն» արտահայտությամբ` հավելելով, որ քննադատական այս զեկույցի առնչությամբ աղմուկի բացակայությունը խնդրահարույց է եւ ցույց է տալիս, որ թուրքական հասարակության շրջանում թուլացել է Եվրամիության հանդեպ հետաքրքրությունը:
«Ցավոք սրտի, ոչ ոք այլեւս լուրջ չի ընդունում Եվրամիությանը անդամակցելու գործընթացը», - մեկնաբանում է Hurriyet Daily News-ի հրապարակախոս Ֆերայ Թինչը:

ԱՄՆ-ում գործող «Գերմանական Մարշալի հիմնադրամի» կողմից անցկացված վերջին հարցման արդյունքների համաձայն` Եվրամիությանը անդամակցելուն կողմ արտահայտված Թուրքիայի քաղաքացիների թիվը պակասել է 10 տոկոսով. եթե անցյալ տարի 48 տոկոսն էր կողմ արտահայտվել Եվրամիությանը անդամակցությանը, ապա այս տարի` միայն 38 տոկոսը:

Այսօրվա դրությամբ բացի Թուրքիայից Եվրամիությանը անդամության թեկնածու երկրի կարգավիճակ ունեն նաեւ Իսլանդիան, Մակեդոնիան եւ Խորվաթիան: Բալկանյան երկրները` Ալբանիան, Բոսնիա եւ Հերցեգովինան, Սերբիան, Մոնտենեգրոն, գտնվում են հավանական թեկնածուների ցուցակում: Եվրահանձնաժողովի կանխատեսումներով` Եվրամիություն մտնելու ամենամեծ հնարավորությունը ունի Խորվաթիան, որի հետ բանակցությունները ընթանում են 2005 թվականից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG